Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդուարդ Աղաջանյանը չի արձագանքում թիմակցի՝ «ՀՀ-ն օկուպանտ է եղել միջազգային հանրության աչքում» պնդմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ճեպազրույցի ժամանակ այսօր Aravot.am-ը պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց․ «Պարոն Աղաջանյան, մի քանի օր առաջ ձեր գործընկեր Հովիկ Աղազարյանը ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց պնդում, թե ստորագրելով զինադադարի պայմանագիրը՝ Հայաստանը միջազգային հանրության աչքին դարձավ օկուպանտ։ Երբ երեկ խնդրեցինք պնդումը հիմնավորել, նա հղում արեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերին։ Կարծում եմ՝ հարկ է հիշեցնել, որ առաջնահերթ Ադրբեջանը չի կատարել բոլոր չորս բանաձեւերով ամրագրված կրակի դադարեցման պահանջը, ինչպես նաեւ հումանիտար պահանջները։ Բացի այդ, երեսուն տարի Ադրբեջանը խեղաթյուրել է այդ բանաձեւերի բովանդակությունը՝ հայկական կողմին որակելով «օկուպանտ»։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե համաձայն չեք ձեր գործընկերոջ հետ, պատրաստվո՞ւմ եք արդյոք ԱԺ ամբիոնից, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, պարզաբանել նրա ելույթը կամ նրան խնդրել նույն ամբիոնից շտկել իր դիտարկումը։ Եթե ոչ, խնդրում եմ շատ հիմնավոր ապացուցել, որ ձեր գործընկերը ճիշտ է»։

Ուշագրավ է, որ ԱԺ արտահերթ նիստի օրը Հովիկ Աղազարյանի նշյալ հայտարարությանն ամբիոնին մոտեցած իր գործընկերներից որեւէ մեկը չանդրադարձավ։ Իսկ այսօր, երբ հարցը հնչեցրինք, Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ ոչ թե հարցի էությանը, այլ նրան, թե որտեղի՞ց պետք է արձագանքի գործընկերոջ ասածին։

«Հարցը ենթադրում է, որ ես որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարտավորություն ունեմ կամ ԱԺ ամբիոնից հերքել կամ ապացուցել ու հիմնավորել իմ որեւէ գործընկերոջ հայտարարություն։ Կարծում եմ՝ իմ գործունեության մեջ կամ պաշտոնի անձնագրում նման գործառույթ չկա։ Հետեւաբար, անտրամաբանական է, որ հարցը հենց ինձ է ուղղված։ Կարծում եմ՝ պարոն Աղազարյանից պետք է փորձեք եւ ստանաք արձագանք»։

Մեր նկատառումը, որ պարոն Աղազարյանից արդեն իսկ ստացել էինք պարզաբանում եւ Էդուարդ Աղաջանյանից դիրքորոշում էինք ակնկալում՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պարոն Աղաջանյանն անարձագանք թողեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ