Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եվրոպական միության Խորհուրդը հոկտեմբերի 6-ին որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ տնտեսական ու անհատական պատժամիջոցների նոր փաթեթ կիրառելու մասին։ ԵՄ միջազգային գործընկերների հետ սերտորեն համաձայնեցված այս փաթեթը հանդիսանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրահրած շարունակական էսկալացիայի և անօրինական պատերազմի, ներառյալ կեղծ «հանրաքվեի» հիման վրա ուկրաինական տարածքների ապօրինի բռնակցման, լրացուցիչ զորքերի մոբիլիզացման և միջուկային զենքի կիրառման մասին բաց սպառնալիքների պատասխանն է։

Նախատեսված միջոցները կուժեղացնեն Ռուսաստանի կառավարության և տնտեսության վրա եղած ճնշումը, կսահմանափակեն երկրի եկամուտները և կթուլացնեն նրա ռազմական կարողությունները։

Այս փաթեթը սահմանում է ԵՄ ներմուծման 7 միլիարդ եվրոյի նոր արգելքներ: Այն արգելում է, օրինակ, ռուսաստանյան պատրաստի և կիսապատրաստի պողպատե արտադրանքի (որոշ կիսապատրաստի արտադրանքի համար անցումային շրջան է նախատեսված), մեքենաների և տեխնիկայի, պլաստմասսայի, տրանսպորտային միջոցների, տեքստիլի, կոշկեղենի, կաշվի, կերամիկայի, որոշ քիմիական արտադրանքների և ոչ ոսկյա զարդերի ներմուծումը։

Պատժամիջոցները նաև զրկում են ռուսական բանակին և նրա մատակարարներին հետագա հատուկ ապրանքներից և սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տարածքում պատերազմ մղելու համար: Սա ներառում է ածխի արտահանման արգելքը, ներառյալ կոքսային ածուխը (որն օգտագործվում է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններում), ինչպես նաև ռուսական սպառազինության մեջ հայտնաբերված որոշակի էլեկտրոնային բաղադրիչների և ավիացիոն արդյունաբերության մեջ օգտագործվող տեխնիկական արտադրանքի ու որոշ քիմիական նյութերի արգելք։

Սահմանվել է նաև հրազենի և այլ ապրանքների արտահանման արգելք՝ խոշտանգումների դեմ պայքարի կանոնակարգի համաձայն։

Փաթեթը ԵՄ օրենսդրության մեջ երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային փոխադրումների գնի սահմանաչափի սահմանման և երրորդ երկրներ հում նավթի ու նավթամթերքների ծովային փոխադրումների վրա լրացուցիչ սահմանափակումների կիրառման հիմք է ապահովում։ Գների սահմանաչափը կիրառումը եվրոպական օպերատորներին թույլ կտա իրականացնել և ապահովել ռուսական նավթի տեղափոխումը երրորդ երկրներ, պայմանով, որ դրա գինը լինի սահմանված «վերին շեմից» ցածր: Սա կօգնի էլ ավելի նվազեցնել Ռուսաստանի եկամուտները՝ անխափան մատակարարումների հաշվին պահպանելով համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունը:

Հում նավթի համար պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքների համար՝ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ Խորհրդի լրացուցիչ որոշումից հետո:

Պատժամիջոցներ են կիրառվել նաև լրացուցիչ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Դրանց թիրախում այն անձինք ու կազմակերպություններն են, որոնք ներգրավված են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեյի շրջանների օկուպացման, անօրինական բռնակցման և տեղերում կեղծ «հանրաքվեների» կազմակերպման մեջ: Պատժամիջոցների տակ հայտնված անհատների և կազմակերպությունների թվում են նաև այնպիսիք, որոնք աշխատում են պաշտպանության ոլորտում, օրինակ՝ բարձրաստիճան և զինվորական պաշտոնյաները, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերին աջակցող ընկերությունները։ ԵՄ-ն նաև շարունակում է թիրախավորել այն դերակատարներին, ովքեր ապատեղեկատվություն են տարածում պատերազմի մասին։

Այս փաթեթը նաև ԵՄ քաղաքացիներին արգելում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել որոշ պետական ձեռնարկություններում: Այն նաև խստացնում է կրիպտոակտիվների նկատմամբ գոյություն ունեցող արգելքները՝ արգելելով բոլոր կրիպտոակտիվների դրամապանակները, հաշիվները կամ պահառության ծառայությունները՝ անկախ դրամապանակում եղած գումարի չափից (նախկինում թույլատրվում էր մինչև 10,000 եվրո):

Ութերորդ փաթեթը նաև ընդլայնում է ծառայությունների շրջանակը, որոնք այլևս չեն կարող մատուցվել Ռուսաստանի կառավարությանը կամ Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձանց. դրանց թվում այժմ ներառվել են ՏՏ խորհրդատվությունը, իրավաբանական խորհրդատվությունը, ճարտարապետությունը և ինժեներական ծառայությունները: