Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՊՀ-ից պարզաբանել են՝ ինչո՞ւ մարդ սպանած Մհեր Ենոքյանին կարելի էր, իսկ Տարոն Մանուկյանին՝ ոչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունով: Հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունուն («Դրո» խմբի գործով) եւ 20-ամյա երիտասարդին դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանին կարելի էր հեռավար սովորել, իսկ այս պահին ժամանակավորապես անազատության մեջ գտնվող ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Տարոն Մանուկյանին՝ ոչ, ինչու է ռեկտորատը մերժել, որ նա քննությունները հեռավար հանձնի:

ԵՊՀ-ից գրավոր պատասխանել են, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին եզրափակիչ քննությունները հեռախոսային կապի միջոցով հանձնելու թույլտվություն տալն անհնար է, քանի որ ԵՊՀ-ում քննություններն անցկացվում են առկա (լսարանային) ձևաչափով: Համալսարանից ուղարկված նամակում նաեւ նշված էր, որ «Արևելագիտություն» մասնագիտությունը ներառված է ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշմամբ հաստատված հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում:

«Սոցիալական ցանցերում որպես օրինակ ներկայացված ցմահ դատապարտյալների դեպքերի առնչությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ նշված դեպքերում քաղաքացիներն ընդունվել են այն բաժինները եւ ուսանել են այն մասնագիտություններով, որոնց պարագայում թույլատրված է հեռակա ուսուցում: Մասնավորապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իր ուսումը չի կարողացել շարունակել ԵՊԲՀ-ում, որտեղ առկա ձեւաչափով սովորել է մինչեւ երրորդ կուրս: Հետագայում Մհեր Եհոքյանը ընդունվել եւ ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական համալսարանի) իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսանողը քննաշրջանի ընթացքում չհանձնած քննությունները հնարավորություն ունի հանձնել ակադեմիական պարտքերի մարման շրջանում (1-ին շրջանը նախատեսվում է անցկացնել 2022 թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդը շրջանը՝ 2022թ. սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում)»,-ասված է Aravot.am-ի հարցմանը ԵՊՀ-ից ուղարկված գրավոր պատասխանում:

Տարոն Մանուկյանի հորը՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին եւս ԵՊՀ-ից նույն կերպ էին արձագանքել, եւ նշել, որ Տարոն Մանուկյանը քննաշրջանի ընթացքում չհանձնած քննությունները հնարավորություն ունի հանձնել ակադեմիական պարտքերի մարման շրջանում:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը եւ մի քանի այլ երիտասարդներ մեղադրվում են ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երեւանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղամ Մանուկյանի եւ Տարոն Մանուկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից