Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երեխայի խնամքի նպաստ կվճարվի նաեւ քաղաքաբնակ չաշխատող ծնողներին, իսկ մինչեւ երեխայի 2 տարին լրանալը աշխատելով՝ այլեւս չեն զրկվի նպաստից. նոր նախագիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը:

Գործող կարգավորումներով, խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաեւ երեխայի ծննդյան կամ դիմելու օրվանից սկսած՝ գյուղական բնակավայրում հաշվառում ունեցող ու փաստացի բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից: Առաջիկա տարիներին ծնելիության աճ ապահովելու նպատակով կառավարությունը որոշում էր ընդունել, որ 2023-ի հունվարի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամք նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման եւ բնակության վայրից: Այսինքն, գյուղաբնակ լինելը պարտադիր չէ:

Ըստ փոխնախարարի, 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց չաշխատող գյուղաբնակ ծնողներին, այդ որոշումից հետո քաղաքաբնակ ծնողները դժգոհություն բարձրացրեցին՝ ասելով, որ քաղաքում երեխայի խնամքը նույնպես ծախսատար է ու դժվար: Պրակտիկան ցույց է տվել, որ գյուղաբնակ ծնողին նման արտոնություն տալը չի ծառայում նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ քաղաքացիների բնակության վայրերը տարբեր են: Ուստի կառավարությունը հարմար է գտել խնամքի նպաստի այդ գաղափարախոսությունը վերանայել ու սահմանել տարբերակված չափեր: Որոշվել է, որ աշխատող ծնողը, երեխայի խնամքով զբաղվելով, եկամուտ է կորցնում, ուստի աշխատող ծնողի խնամքի նպաստը պետք է ավելի բարձր լինի, քան չաշխատող ծնողինը. «Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ խնամքի նպաստի չափը պետք է սահմանի կառավարությունը, իսկ դա լինելու է հետեւյալ սկզբունքով՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, այսինքն՝ աշխատող ծնողինը հաշվարկվելու է տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող, այսինքն՝ չաշխատող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ անկախ բնակության վայրի հասցեից: Այսինքն, ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ կվճարվի նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերին: Նախագծի ընդունմամբ պետբյուջեով 17,6 մլրդ դրամի չափով ծախս է նախատեսվում այս նպաստի համար, իսկ եթե նվազագույն աշխատավարձը սահմանվի 75 հազար դրամ, այդ ծախսը բնականաբար կմեծանա:

Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ մինչեւ երեխայի 2 տարին լրանալը, եթե ծնողը գնա աշխատանքի, այլեւս չի զրկվի նպաստից: Գործող կարգավորմամբ, այդ դեպքում նպաստը դադարեցվում էր: Հիմա այն շարունակելու են տալ անգամ աշխատանքի գնալու դեպքում՝ մի փոքր նվազ չափով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ