Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եռացող կաթսաններն» ու ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը

«Իրավիճակը բավականին լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ նկատելով, որ խոսքն այն տարածաշրջանների մասին է, որտեղ «եռում են կաթսանները»։

Մասնավորապես,նրա դիտարկմամբ, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի Թայվան կատարած այցը սրեց ամերիկա-չինական հարաբերությունները։ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը։ Խաղաղ չէ նաև հնդկա-չինական սահմանին, որտեղ հնդիկները զորավարժություններ են սկսել։

«Արևելք-Արևմուտք հարաբերությունները որքան լարված լինեն, այդքան ականատեսը կլինենք լարվածության նոր օջախների ավելացմանը»,- ասաց Խուդավերդյանը։ Այս համատեքստում թուրքագետն անդրադարձավ մեզ առնչվող՝  վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու    Էրդողան -Պուտին  հանդիպմանը․

«Թուրքիայի իշխանությունները բավականին սերտ հարաբերություններ են հաստատել  Ռուսաստանի իշխանությունների հետ։ Կարող ենք անել, որ  Էրդողանի իշխանությունը ձգտում է ռուսական իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատելուն։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա հարկ է նկատել, որ թե՛ ռուսական, թե ՛ թուրքական կողմերն ընդգծում են՝  հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցմանը կողմ լինելու հանգամանքը, բայց ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։ Ամեն դեպքում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունները իրականացվում են փակ ձևաչափով և մենք բավականաչափ տեղեկատվություն չունենք, թե ինչ է քննարկվում «ետնաբեմում»։ Կարող ենք միայն ենթադրություններ անել՝ Արցախում առկա լարվածությունը և ՀՀ իշխանությունների հայտարարությունները վկայում են այն մասին, որ կողմերը դեռևս հեռու են «խաղաղության համաձայնագրից»»։