Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրաշարժից 34 տարի անց տնակներում ապրող մարդկանց բնակարանային խնդիրը չի լուծվել. խոստման հետքերով

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը, սակայն աղետի գոտի եզրույթը դեռ առկա է, քանի որ տնակներում ապրող մարդկանց բնակարանային խնդիրը ամբողջությամբ չի լուծվել:

Իսկ իշխանության գալուց հետո ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ ունենք այսօր. 2020 թվականի հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հերթական 100 փաստը ներկայացրեց եւ խոսեց աղետի գոտու տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի մասին: Նա այդ ժամանակ հայտարարել էր, որ 2020 թ. կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքների բնակարանի խնդիրը, որի համար բյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Մինչդեռ, ինչպես պարզվեց, այդ ընտանիքների կեսի դեպքում նախորդ տարվա բյուջեից 1․3 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել էր և այս տարվա բյուջեով հատկացված գումարը ուղղվելու էր անօթևան ընտանիքների մյուս կեսի բնակարանների կառուցմանը։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ վարչապետը 227 ընտանիքի բնակարանով ապահովելու լուծված հարցը ներկայացրել է և՛ արդեն իսկ կատարված աշխատանքների ցանկում, և՛ 2020-ին կատարվելիք աշխատանքների ցանկում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմամբ՝ նախկինում բնակարաններով էին ապահովվել չնչին թվով ընտանիքներ։ «Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- հայտարարել էր վարչապետը։ Մինչդեռ, ինչպես ներկայացրել է Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ծրագրի մեկնարկից մինչև 2017 թվականը ներառյալ, բնակարաններով են ապահովվել 4838 ընտանիք, այսինքն տարեկան միջինում 483 ընտանիք։ Ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցանիշը։

Ամփոփելով՝ փաստենք, որ տարեսկզբին վարչապետի կողմից հայտարարված՝ 453 ընտանիքներին բնակարանով ապահովման մասին հայտարարությունը թեև ճիշտ է, սակայն դրա կեսի ֆինանսավորումն արդեն իսկ կատարվել էր նախորդ տարի, իսկ նախկինում յուրաքանչյուր տարի 40-45 ընտանիքի բնակարանով ապահովելու մասին հայտարարությունը կեղծ էր և նվազեցված ավելի քան 10 անգամ։

ArmLur.am-ը նկատում է՝ 2018 թ նոր կառավարությունը հայտարարեց «աղետի գոտի» եզրույթը շրջանառությունից հանելու մտադրության մասին եւ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է փաստագրեր, տվյալներ հավաքեր պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի իրականացումից հետո աղետի գոտու բնակավայրերում դեռ առկա ոչ հիմնա­կան շինությունների ու դրանցում ապրող մարդկանց մասին։ Արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերին կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։ Իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում աղետի գոտին վերջնականապես ազատել տնակային տնտեսություններից։ Այդ նպատակով դեռ այս տարվա հոկտեմբերին գործադիրը որոշում էր կայացրել մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։

Նոր ծրագրի շահառու բոլոր ընտանիքիները վեց ամսում պետք է լքեն տնակները ու քանդեն դրանք, այլապես դրա իրավասությունը կհանձնվի համայնքային իշխանությանը: Ապամոնտաժման ենթակա կառույցներն ամենաշատը Գյումրիում են, Սպիտակու եւ  Վանաձորում: Դրանց 60 տոկոսը տեղադրված են հենց համայնքային նշանակության հողերի վրա։

Ն.Հ.