Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երուսաղեմում հրեա ծայրահեղականների հարձակումները ցույց են տալիս, որ հայերի դեմ մի բան իրականացվում է

Երուսաղեմի հայ համայնքի և Պատրիարքարանի դեմ վերջին շրջանի հարձակումները հայ համայնքի ներկայացուցիչները կազմակերպված են որակում։ Հիշեցնենք, որ Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հունվարի 26-ին հարձակման էր ենթարկվել հայկական ռեստորանը։ Այնուհետև, հունվարի 28-ի ուշ երեկոյան ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչն ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Հայ համայնքի ներկայացուցիչները մեզ հայտնեցին, որ հայկական վանքի ուղղությամբ հարձակում եղել է նաև մոտ մեկ ամիս առաջ։

Երուսաղեմի հայկական Taboon & Wine ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց։ «Ծայրահեղական հրեաները Իսրայելի դրոշներով, «մահ արաբներին», «մահ քրիստոնյաներին» գրություններով Երուսաղեմի հին քաղաքի նոր դարպասներից ներս մտան և պարզապես փնտրում էին որևէ մեկին, որպեսզի պրովոկացիա սարքեին։ Այս թաղամասը քրիստոնեական թաղամաս է, նրանք մտան թաղամաս ու տեսան, որ միայն մեր ռեստորանն է բաց։ Եկան կանգնեցին ռեստորանի դիմաց, սկսեցին հայհոյել, գոռգոռալ։ Ասում էին՝ գնացեք ձեր երկրներ, դուք այստեղ գործ չունեք։ Չգիտես ինչու՝ մեկը գոռում էր՝ քրիստոնյաներդ գնացեք Վատիկան։ Մեր տղերքը դուրս եկան, ասացին՝ գնացեք այստեղից, խանգարում եք մեր գործին։ Նրանցից մեկը հարվածեց տղաներից մեկին, սկսվեց հրմշտոցը, հրեա ծայրահեղականներն սկսեցին սեղաններն ու աթոռները նետել մեր ուղղությամբ»,- ասաց նա։

Միհրան Գրիգորյանի խոսքով՝ միջադեպը տևել է 4-5 րոպե, 30-40 անձ է հարձակում գործել ռեստորանի վրա։ Հարձակման մասին արագ ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանները միջադեպից հետո են ժամանել դեպքի վայր։ «Բայց իմ իմացությամբ՝ ոչ ոք չձերբակալվեց։ Ես ոստիկաններին ասացի՝ եթե հրեա լիներ մեր փոխարեն, արաբը հարձակվեր նրանց վրա, դուք մեկ օրում կարող էիք գտնել, թե ովքեր էին հարձակվողները»,- հավելեց նա։ Նրա խոսքով՝ նույն գաղափարախոսության կրողները այս դեպքից երեք-չորս շաբաթ առաջ հայկական վանքի պատին գրել էին՝ «մահ քրիստոնյաներին, արաբներին և հայերին»։

«Այս հարձակումները ցույց են տալիս, որ երևի հայերի դեմ մի բան իրականացվում է։ Բայց մենք չենք վախենում այդ հարձակումներից, ինչքան էլ մեզ վախեցնեն, չենք վախենում։ Մենք այստեղ ենք և չենք պատրաստվում գնալ։ Այս օրերին բավական շատ հրեաներ եկան մեզ աջակցելու, սոցիալական ցանցերում էլ բոլոր գրում են՝ մենք հայերի հետ որևէ խնդիր չունենք, ասում են՝ մեզանից առաջ էլ եք դուք եղել հոս, մեզանից հետո էլ մնալու եք։ Չեք հավատում, թե ինչքան մարդ է մեզ զանգում ու ներողություն խնդրում այս դեպքի համար։ Հուսով եմ, որ չեն կրկնվի այս դեպքերը։ Երուսաղեմի քաղաքապետարանից էլ զանգեցին, ասացին՝ ուզում են հանդիպել, ասացի՝ մենք չենք ուզում հիմա հանդիպել ձեզ հետ։ Ինձ թվում է՝ քաղաքապետարանի այսօրվա կոալիցիան ծայրահեղականների գաղափարակիցներ են»,- նշեց նա։

Երուսաղեմի սրբոց Հակոբյանց հայոց վանքի միաբան Հայր Էմմանուէլ Վարդապետ Աթաջանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջերս նաև իսրայելական բանակի զինվորներն են հարձակվել հայ հոգևորականների վրա՝ թքելով նրանց ուղղությամբ։ Հոգևորականներն այդ դեպքով դիմել են Իսրայելի ոստիկանությանը, հույս են հայտնում, որ նման դեպքերը ոստիկանության կողմից կկանխվեն։

Հայր Էմմանուէլ Վարդապետ Աթաջանյանը մանրամասներ հայտնեց դեպքից։ Ըստ նրա՝վանքի վարդապետները, աշակերտները, նաև հավատացյալները, ովքեր տոնական օրով դուրս են եկել մի վանքից, որպեսզի մեկ այլ վանք գնային, ճանապարհին հանդիպել են զինվորների։ Ենթադրվում է, որ նրանք ժամկետային զինծառայողներ են եղել, ովքեր ծայրահեղականների գաղափարակիցներ են եղել։ «Ենթադրվում է, որ նրանք այն անձանց կողմնակիցներն են, ովքեր հարձակվել էին հայկական ռեստորանի վրա։ Զինվորները թքել են միաբանների ու խաչի ուղղությամբ՝ անարգելով հայկական կրոնական բազմությանը, որը ուղեկցել է հոգևորականներին։ Վանքի վարդապետները զայրացած և զարմացած են, այդպիսի արարքներ նախկինում պատահում էին, բայց ոչ զինվորների կողմից։ Իսրայելում զինվորները նաև զենք են կրում, և այդ արարքը գործողները եղել են զինվորներ»,- ասաց նա։

Հայ համայնքի ներկայացուցիչները նաև տեղեկացրին, որ ծայրահեղականները հունվարի 3-ին էլ հարձակվել էին Սիոն լեռան գերեզմանատան վրա ու ավերել այն։