Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ես չեմ ձգտել գունազարդել իրականությունը հայ քաջորդիների արյան գույնով, աշխատել եմ լինել անաչառ». Դնեպրիկ Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 29-ին լրացավ իրավաբան, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, հրթիռային-հակաօդային զորքերի հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանի ծննդյան 93-ամյակը: Մեկ անգամ եւս հիշենք նրա վաստակը, նրա մարտական ուղին:
Անվանի իրավաբանը, ռազմագետը հայտնի է Լաչինի ազատագրման ծրագրի մշակմամբ, իրականացմամբ: «Դնեպր» հրետանային զորամիավորման հուժկու հարվածը Լաչին- Բերձոր քաղաքին 1992թ. մայիսի 7-9-ը ստիպել է թշնամու կայազորին, բնակչությանը խուճապահար լքել քաղաքն ու հարակից բնակավայրերը, դրանով իսկ ցամաքային միջանցքը Հայաստանի եւ Արցախի միջեւ փաստորեն բացելով: «Շուշիից հետո Բերձորն էր» («Առավոտ», 2018թ. մայիսի 10), մենք հիշատակել էինք Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հուշերից այս հատվածը. «Հայկական ուժերն առանց լուրջ հարձակումների մտան Լաչինի շրջան՝ ապահովելով անվտանգություն աջ եւ ձախ կողմերում: Մայիսի 18-ին ինքնապաշտպանության ուժերի կազմավորումները մտան նաեւ շրջկենտրոն՝ Բերձոր քաղաք, ապա դուրս եկան ՀՀ պետական սահման, բացելով Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը՝ «Մարդասիրական միջանցքը»:

Դ. Բաղդասարյանը 1989թ. սեպտեմբերի 1-ից քիմիական տեխնիկումում մարտական պատրաստություն էր ուսուցանում կամավորական ջոկատներին, որոնց կազմում էին Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Աղասի Արշակյանի, Վաչագան Չիբուխչյանի… ջոկատները։ 1990թ.-ին նա ստեղծում է «Հատուկ Գունդը», որի հիմնական հիմնադիրն է եղել իր կողմից պատրաստված Կոնդի հետախուզության վաշտը՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եւ Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ: 1990թ. փետրվարի 26-ին կազմակերպում է «Բարձրունու» կողմից ադրբեջանական Բյուրմանչաթախի հրետակոծումը եւ գրավումը, ղեկավարում «Մեծն Տիգրան» զորամիավորումը: 1990թ.-ից եղել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարի խորհրդատու: 1991թ. ապրիլի 25-ին ստեղծվում է ՀՀ Սպաների Միությունը, որի նախագահ ընտրվեց Դ. Բաղդասարյանը:

1991թ. ապրիլի 28-ին Տավուշի մարզի գյուղ Պառավաքարի «Օղակ» օպերացիայի ժամանակ հակահարված է տալիս խորհրդային զորքերի զինված վաշտի դեմ: ՀՀ Գերագույն խորհրդի, Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սարգսյանի կողմից Դ. Բաղդասարյանը նշանակվում է պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի ներկայացուցիչ եւ լիազորված անձ՝ զբաղվելով պաշտպանության կանոնավորման հարցերով:

1991թ. մայիսին կազմակերպում է Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղի տղաներից հրետանավորների ջոկատ, որոնց հետ տարբեր շրջաններում պատերազմական ակտիվ գործողություններ է կատարում:

1990թ. մայիսին մարտական գործողություններ կատարելիս գերի է ընկնում Նախիջեւանի շրջանում, ազատվում 1990թ. դեկտեմբերին («Փորձառու հայ իրավաբանը Նախիջեւանում ինչպես գերի ընկավ», «Առավոտ»,13.05.2016): Նա իր «Դիմակայություն» գրքում նկարագրում է, թե ինչպես տարան Բաքվի բանտ: Հայ իրավաբանը նկարագրում է, թե ինչպես են իրեն Ֆիզուլիում վայրէջք կատարելուց հետո ուղղաթիռով տեղափոխել Բաքվի «Ջաբրատ-2» օդանավակայան, որտեղ սպասում էր «սեւ ագռավը». «Հենց որ ոտքս գետնին դրեցի՝ իմ վրա հարձակվեցին պահակախմբի երեք միլիցիոներները, աղմուկ-աղաղակով ու հայհոյանքներով հանեցին ձեռքերիս կապանքը, այն տվեցին ավագ լեյտենանտին, որը սուս ու փուս, անշառ մարդ էր, ձեռքերս ոլորեցին, իրենց ձեռնակապանքները հագցրեցին, տարան-նստեցրին մեքենայի ընդհանուր խցում: Մի քիչ հետո պարզ դարձավ, թե ինչու են ձեռքերս ոլորել մեջքիս եւ նստեցրել ընդհանուր խցում: Այդ սրիկաներն ուզում էին ինձ բանտ հասցնել արյունաշաղախ վիճակում եւ դրա համար մինչ քաղաք հասցնելը մեքենան վարում էին փոսերի վրայով ու մեծ արագությամբ»:

1991-1992թթ. իր ակտիվ մասնակցությունն է ունենում Շահումյանի շրջանի մարտերին եւ մարտի ժամանակ ծանր վիրավորվում։ 1992թ. ապրիլի 22-ից մայիսի 14-ը անձամբ ղեկավարում է Լաչինի մարտերը, ինչը նպաստում է Շուշիի ազատագրմանը: 1992թ. մայիսի 15-ից հունիսի 22-ը մասնակցում է Կապանի պաշտպանությանը: 1992թ.-ին Վ. Սարգսյանի հրամանով Մայրաքաղաքային գնդում զբաղվում է «մահապարտների» պատրաստմամբ:

Ի դեպ, հետմահու լույս տեսավ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի պրոֆեսոր, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը: «Հավանաբար, ես առաջին ավագ սպա-ֆիդային եմ, որ 1989 թվականից նվիրվել էի մեր ժողովրդի անհրաժեշտ պաշտպանության սրբազան գործին: Իմ մասնակցությունը հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը՝ սահմանափակվում է 1989-1992 թվականներով: Երբ 1992 թվականի աշնանը մեր Ազգային բանակի առաջին զորամասերը դուրս բերվեցին սահմանամերձ շրջաններ եւ իրենց վրա վերցրին երկրի պաշտպանության ֆունկցիան, ժողովրդիս հանդեպ պարտքս համարեցի պատվով կատարած եւ անցա իմ սիրելի խաղաղ աշխատանքին՝ երիտասարդության ուսուցմանն ու դաստիարակմանը», գրքի առաջաբանում գրել էր Դ. Բաղդասարյանը: Հեղինակը տեղեկացրել էր, որ գիրքը ծնվել է 1993-95թթ.՝ «դեռեւս չավարտված պատերազմի թարմ հետքերով» («Առավոտ», «Հուշագրության դասերը», 2010թ. փետրվարի 3):

«Ես չեմ ձգտել գունազարդել իրականությունը հայ քաջորդիների արյան գույնով կամ արյան վերաբերյալ դատարկաբանությամբ, աշխատել եմ լինել անաչառ ու չափից դուրս անկեղծ եւ ճշմարտացի՝ հաշվի չառնելով կեղծ դիվանագիտության կանոնները: Ռազմաքաղաքական ընդհանրացումներում արտահայտել եմ իմ անձնական մարտական փորձից ու աշխարհայացքից բխող տեսակետներ, որոնք դուր չեն գա այսօրվա մեր կառավարիչներին եւ այլ ուժեղների»,- գրել էր հեղինակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ