Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես մասնակցում եմ Ուկրաինայի պատերազմին՝ հասկանալով, որ սա նաև Հայաստանի ազատագրական պատերազմն է

Lragir.am-ի զրուցակիցն է Ուկրինայի Խմելնիցկի մարզի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը

Պարոն Ավագյան, ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում, վերջին շրջանում ուկրաինական բանակն ակտիվ հակահարձակողական գործողություններ է իրականացնում՝ ազատագրելով երկրի տարածքները։

Ինքս առաջին իսկ օրերից հակահարձակողական գործողությունների մասնակից եմ եղել՝ բժշկական ստորաբաժանման կազմում։ Օգոստոսի վերջից ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է մտել, այսինքն՝ մենք մուտք ենք գործել հակահարձակման փուլ։ Շատ բարեհաջող ու արագ՝ մոտ երկու շաբաթվա ընթացքում, ազատագրել ենք Խարկովի մարզը։ Հիմա էլ Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի, Դոնեցկի մարզերի ուղղությամբ ընթանում են ուկրաինական բանակի հակահարձակողական գործողությունները։ Եվ ուկրաինական բանակը վստահ քայլերով մեկը մյուսի հետևից ազատագրում է բնակավայրերը։ Դրա հետևանք էր Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան։ Ռուսաստանը պնդում է, որ իբր ընդամենը 5-6 հազար զոհ ունի, բայց դա ուղղակի աբսուրդ է, քանի որ 5-6 հազար զոհ ունենալու դեպքում հաստատ զորակոչ չեն հայտարարում։ Ուկրաինական կորուստները ռուսական լրատվամիջոցներում գնահատում են մոտ 50-60 հազար։ Այսինքն՝ եթե պաշտպանվող կողմը կորցնում է 50-60 հազար մարդ, հարձակվող կողմը հաստատ երեք անգամ ավելի է կորցնում։ Ռուսական հեքիաթները ոչ մեկին այլևս հետաքրիր չեն։

Ուկրաինական բանակն այսօր վստահ քայլերով ազատագրում է իր տարածքները, իսկ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ամերիկյան ծրագիրը, համաձայն որի՝ մի քանի անգամ կավելանա Ուկրաինային զենք-զինամթերքի մատակարարումը։ Եվ եթե աշխարհաքաղաքական պայմանները չստիպեն հետաձգել պատերազմը, չպահանջեն այլ սցենար, շատ արագ՝ մինչև Նոր տարի պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով։ Եվ մեզ միայն ռազմի դաշտում տարած հաղթանակը հետաքրքիր չէ, կարևոր է նաև, թե ինչ է լինելու հետո։ Այսինքն՝ ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ և ինչպե՞ս  հաղթել Ռուսաստանին, որ 10 տարի հետո չկրկնվի այս նույն աղետն ու ցեղասպանությունը։

Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ի՞նչ է փաստում։

Սրանք Ռուսաստանի ճարահատյալ քայլերն են, որպեսզի կարողանա վերականգնել իր ուժերը։ Բայց փաստորեն մոբիլիզացիայի որոշումը ցույց տվեց, որ ռուս հասարակությունը պատրաստ չէ և չունի պատերազմի կարիքը։ Ռուսաստանի քաղաքացիները գտնում են, որ պատերազմի դաշտում անելիք չունեն, որովհետև իրենց երկրի նկատմամբ չկա ագրեսիա, հարձակում և չկա իրենց երկիրը պաշտպանելու խնդիր։ Իրենք պետք է դառնան ագրեսոր և մտնեն հարևան պետություն, մարդասպանությամբ զբաղվեն։ Դրա համար էլ մարդիկ Ռուսաստանից հարյուր հազարներով փախչում են։ Եվ ես կարծում եմ՝ սա Ռուսաստանի քաղաքական ռեժիմի կրախի սկիզբն է, եթե, իհարկե, ռուս հասարակությունը ժամանակին ուշքի չգա։ Եթե ռուսներն ուշքի չգան, շատ արագ մոտենալու են պետականության կորստին։

Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Նաև 4 օկուպացված տարածքներ՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմ ներառելու մասին համաձայնագրեր է ստորագրում։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

Ես աշխարհում չգիտեմ մի հասարակություն, որն այսօր Ռուսաստանի գործողությունները լուրջ է ընդունում։ Ծիծաղի առարկա են դարձել աշխարհով մեկ և շարունակում են այս բեմադրությունը, չգիտեմ ում համար են անում։ Խնդիրն այն է, որ իրենք մի տեղ հանրաքվե են իրականացնում, երեք օր հետո ուկրաինական բանակի կողմից այդ տարածքն ազատագրվում է։ Այսօր հանրաքվե ես արել, մեկ շաբաթ հետո ազատագրելու ենք այդ նույն քաղաքները։ Ինձ թվում է՝ Պուտինը ներքին լսարանի համար է այս ամենն անում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով զորահավաքից։ Այս հակահարձակումը կոծկելու համար ինչ-որ հանրաքվեներ, շինծու բեմադրություններ է անում։ Երևի այս ամենը պետք է, որպեսզի ռուսաստանյան հասարակությունն ի վերջո հասունանա, որովհետև բազմամյա քարոզչությունը լուրջ բույն է դրել ռուսաստանցիների ուղեղներում։ Երևի ավելի կտրուկ քայլեր են պետք, որ Ռուսաստանի ժողովուրդը սթափվի։

Ռուսաստանի հայ համայնքին ի՞նչ կոչ ունեք, ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն նրանք։ Այս օրերին հայերից շատերը նույնպես խուսափում են մոբիլիզացիայից՝ նաև լքելով երկրի տարածքը։

Մոբիլիզացիա հայտարարելու առաջին իսկ օրվանից մենք մոնիթորինգ ենք անում, թե ինչ քանակությամբ հայեր են Ռուսաստանի կողմից մասնակցում պատերազմին։ Մենք բաց քննարկման մեջ ենք եղել Ռուսաստանի հայերի միության հետ, բայց ընդհանուր եզրեր չգտանք։ Մեր քննարկման թեման հենց այն էր, որ ռուսաստանաբնակ մեր ազգակիցները հասկանան, որ Ուկրաինայում մենք մեր տան համար ենք պատերազմում, իսկ իրենք ագրեսոր են, մտնելու են մեր տուն։ Եվ ճիշտ չի լինի, եթե հայը հայի դեմ դուրս գա, մեզ համար ցավալի է ցանկացած հայի կորուստ։ Այդ աշխատանքները մինչև այսօր էլ տարվում են, ունենք թեժ գիծ։ Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, իրավական պետություն է և արել է հայտարարություն, ըստ որի՝ ռուսաստանաբնակ բոլոր անձինք, ովքեր ստիպված են մասնակցել պատերազմին՝ հակառակ իրենց կամքի, հնարավորություն ունեն տարբեր ճանապարհներով գերի հանձնվելու։ Եվ պետությունը երաշխավորում է, որ այդ գերությունը կձևակերպվի ոչ թե կամավոր հանձնվել, այլ ձևակերպվելու է, որ մարտական իրավիճակներում գերի ենք վերցրել։ Մենք հասկանում ենք, որ կամավոր գերի ընկնելու դեպքում Ռուսաստանում իրենց պատասխանատվության կենթարկեն։ Իսկ եթե հայ մարդը չի վստահի ուկրաինական պետությանը և կուզենա ավելի վստահելի ճանապարհով հանձնվել, կա Ուկրաինայի հայ համայնք, որը ներգրավված է այս գործընթացի մեջ։ Մենք արդեն ունենք նշանակած մարդիկ, ովքեր զբաղվելու են այդ հարցերով։ Խոսքն անտեղի չկոտորվելու մասին է, որովհետև այսօր երեք օրվա պատրաստվածության մարդուն Ուկրաինայում գերի են վերցնում։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում ռուսական զորակոչ, եթե մարդուն նույնիսկ մեկ ամիս չեն պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար։ Նրանց քանակ է պետք, իսկ այդ քանակը դառնում է թնդանոթի միս։ Ոչ զենք կա, ոչ զորք կա, եթե կա քանակություն, դա դեռ որակ չէ։ Ես ինքս ականատես եմ եղել, թե ազատագրված տարածքներում ինչ քանակությամբ զենք-զինամթերք են թողնում ռուս զինվորներն ու ինչ արագությամբ են փախչում, ինչ վայրագրություններ ու փնթիություն են իրենց հետևից թողնում։

Ես ուզում եմ շեշտել, որ Ուկրիանայում ապրող հայերը կանգնած են Ուկրաինայի պաշտպանության համար։ Սա մեր երկրորդ հայրենիքն է, մենք երբեք ապերախտ չենք եղել։ Եվ Ուկրաինայի հաղթանակով որոշվելու է ռուսական լծից Հայաստանի ազատագրման հարցը։ Հայաստանի անկախության պահպանումն ուղղակիորեն կապված է Ուկրաինայի ճակատում հաղթանակից։ Ես կոնկրետ մասնակցում եմ Ուկրիանայի պատերազմին՝ հասկանալով, որ սա նաև Հայաստանի ազատագրական պատերազմն է։