Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ըստ այդ քարտեզի՝ ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը, Գարդմանքը Հայաստանի Հանրապետության մաս են

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակեց հինգ կետեր, որոնք, ըստ աղբյուրի, Բաքուն առաջ է քաշում Հայաստանի հետ քննարկումների ժամանակ։ Ըստ այդմ՝ Բաքուն պահանջում է սահմանազատում-սահմանագծում իրականացնել 1919-1920 թվականների քարտեզներով։ Ի՞նչ քարտեզներ են դրանք։

Այդ պահանջը Ադրբեջանի հիմնական քաղաքական գիծն է։ Առաջինն այն առումով, որ իրենք ենթադրում են, որ 1919-20 թվականների քարտեզներն իրենց համար ավելի նպաստավոր կլինեն, քան սովետականը։ Երկրորդ, իրենք իրենց անկախության հռչակման հենց սկզբում հրաժարվել են Սովետական Ադրբեջանի իրավաքաղաքական ժառանգությունից և իրենց հռչակել են Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը։ Հետևաբար, դրան պետք է հավակնեն։ Իրենք շատ խորամանկ վարվեցին, ինչպես միշտ։ Այսինքն՝ այն պահին, երբ իրենց ձեռնտու էր հղումներ կատարել սովետական իրավունքին, իրենք անընդհատ դա էին վկայակոչում, որ ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ը եղել է Ադրբեջանի կազմում և այլն։ Հիմա ուրիշ բան են ասում, որովհետև իրենց բուն նպատակը ոչ թե Արցախն է, այլ հայոց պետականության վերացումը։

Ինչպե՞ս պետք է հայկական կողմը հակազդի այս կեղծիքին։

Հակազդեցության առաջին միջոցը ռազմական ու տնտեսական ուժն է։ Մենք դրան պետք է արդեն պատրաստված լինեինք, բայց ցավոք սրտի ես չեմ տեսնում, որ այս երկու տարիների ընթացքում լուրջ աշխատանք արած լինենք։ Մյուս ճանապարհը այն է, ինչի մասին ես տարիներ շարունակ ասել եմ, որ վաղ թե ուշ գալու էր այս օրը, այս փաստաթղթերը մեջտեղ կգան, և մենք պետք է հակազդենք։ Հիմա պետք է կենտրոնանալ փաստաթղթային բազայի վրա, փաթեթները պատրաստել, որպեսզի մենք կարողանանք փաստել, որ 1919-1920 թվականների քարտեզը միջազգային իրավունքի տեսանկյունից ի նպաստ մեզ է, ոչ թե Ադրբեջանի։ Եվ դա պետք է փաստել։ Օրինակ՝ այն քարտեզները, որոնց վրա հղում է կատարում Ադրբեջանը, դրանք իրենց կողմից նկարված, իրենց հավակնությունների և ցանկությունների քարտեզներն են, որևէ իրավական հիմք չունեն: Դա փաստելու համար մենք պետք է միջազգային տարբեր կառույցների քարտեզներն ու փաստաթղթերը հայթայթենք ու տպագրենք։ Մասնավորապես, ես ժամանակին դա արել եմ, այն 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի լիգայի՝ Հայաստանի սահմանը որոշող հանձնաժողովի զեկույց-առաջարկների քարտեզն է։ Ըստ այդ քարտեզի՝ ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը, Գարդմանքը Հայաստանի Հանրապետության մաս են։ Նմանօրինակ այլ քարտեզներ էլ կան, այդ ամենը պետք է պատրաստ ունենալ ձեռքի տակ։