Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի. Օհանյան

««Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ուղղված է բանակի՝ պայմանագրային  ծառայության համալրմանը, դրան մենք կողմ քվեարկեցինք, դրական քայլ է, շարունակությունն է այն գործընթացների, որոնք վերջին  երկու տարիների ընթացքում իրենք քանդել են,  և նորից սկսում են կառուցել»,- ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խոսելով ատեստավորման ներդրման նախագծի մասին, որին ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց, նա ասաց, որ դա չի նպաստելու բանակաշինությանը։

Ս.Օհանյանի խոսքով, այս երկու տարիների ընթացքում իշխանությունները բանակաշինության համար Զինված ուժերի զարգացման հայեցակարգ պետք է ունենային, սակայն այն գոյություն չունի։

«Այս բոլոր  քայլերը կցկտուր քայլեր են, որոնք որ պետք է համադրված լինեն և պետք է լրացնեն ԶՈւ զարգացման կամ բարեփոխումների հայեցակարգը, որն այսօր չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, Ս. Օհանյանը նշեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարության մեջ տեսնում են նաև ռազմական կոմպոնենտի զարգացման, ԶՈւ համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությունը։

«Եթե նկատել եք, այդ զորավարժությունների ընթացքում  երկու երկրների նախագահներն էլ փորձում են ասել մեկ բանակ, մեր երկիր, մեկ ազգ վեածվելու իրենց  պատրաստակամությունը»,- ասաց նա։

Ս. Օհանյանի խոսքով, այդպիսի զորավարժությունները մի քանի խնդիր ունեն. «Նախ, իրենց զինված ուժերի համագործակցությունը և պատրաստության մակարդակն են բարձրացնում այս կամ այն խնդիր լուծելու, այս կամ այն իրավիճակից ելնելու համար։

Եթե զորավարժությունն  անցկացվում է  Հայաստանի և Իրանի սահմանին, դա նշանակում է, որ  այդ զորվարաժություններն ուղղված են հենց այն երկրների դեմ, որոնք  հարևան են հենց Թուրքիային և Ադրբեջանին, որոնց հետ խնդիր ունեն։

Երկորդ՝ ուժի ցուցադրում է հենց Հայաստանին, Իրանին»։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտության, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է։

«Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժություններին, ուղղված է նաև հենց Իրանին, դրա համար Իրանի ղեկավարությունը  երկար ժամանակ է ցույց է տալիս իր պատրաստակամությունը, որ  տարածաշրջանում իր համար անընդունելի է  որևէ մի սահմանային իրավիճակի, հատկապես Սյունիքի հատվածում որևէ փոփոխություն, որը միջազգային բնույթի է»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ տարածաշրջանում Իրանը բավականին լուրջ գործոն է։

Ս.Օհանյանն ասաց, որ մեր տարածաշրջանը բավականին լարված ժամանակահատված է ապրում, հատկապես  Հայաստանն ու Արցախը, որոնց շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, ցանկացած ժամանակ կարող են  մարտական գործողություններ սկսվել, հատկապես երբ 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետ մեր հակառակորդ երկիր Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն ցանկանում դառնալ հարևան երկիր։

«Չնայած Ադրբեջանը խոսում է  խաղաղության մասին, բայց հռետորաբանությունը, հայատյացությունը, նրա կողմից իրականացվող  բոլոր սադրանքները տանում են նրան, որ ինքն այս ամենում  կանգ չի առնելու մինչև չստանա իրենց լեզվով ասած միջանքը։ Այդ զորավարժությունները  բարձրացնելու են նրանց համագործակցության մակարդակը։

Այս պարագայում Հայաստանի Զինված ուժերը  պետք է  գնահատականներ տա ռազմաքաղաքական իրավիճակին և լուրջ աշխատանքներ տարվեն Զինված ուժերի  համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման ուղղությամբ, որոնք այս պահին պետք է լինեն մեծամասամբ  պաշտպանական բնույթի, ինչու ոչ նաև կանխարգելման, քանի որ  մեր սահմաններում Ադրբեջանն է, և եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։