Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե դու Հայաստանի դիվանագիտական անձնագրով գնում ես Ֆրանսիա, ուրեմն ՀՀ քաղաքացի ես։ Իսկ ՀՀ քաղաքացի ես, որովհետև Արցախը ՀՀ տարածք է

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Արցախի արտաքին գործերի նախարարը Ֆրանսիայում հայտարարել է, որ լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Եթե դիվանագիտական բնութագրում տամ, դա ոչ խելամիտ, ոչ հեռանկարային է, իսկ եթե ժողովրդի լեզվով ասեմ՝ էշություն է։ Այն ժամանակահատվածում, երբ աշխարհը Ռուսաստանին ճանաչում է որպես տեռորիզմը հովանավորող երկիր, քրեական դատարանների ստեղծման, Պուտինին և Ռուսաստանի վերնախավին պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների հոդվածներով դատելու մասին է խոսք գնում, գնալ Փարիզ և նման հայտարարություն անել։ Դա այն դեպքում, երբ մեկ օր առաջ Մակրոնը հայտարարեց, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, պետք է դատվի։ Արցախի ղեկավարության այդ հայտարարությունները վնասակար են, և Կրեմլի ականջներն ակնհայտ երևում են նման հայտարարությունների հետևից։ Ո՞րն է ձեր նպատակը, եթե նպատակն այն է, որ միջազգային հանրությունը զսպի ադրբեջանցիներին, ուրեմն հարց բարձրացրեք, որ ձեզ պետք են միջազգային խաղաղապահի մանդատով զորքեր։ Մնացածը ձեր որոշելիքը չէ, թող ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշի ինչպիսի բաղադրամասեր կունենա այդ ուժը, նրանք կլինեն Նեպալից ու Ուրուգվայից, թե կլինեն Նորվեգիայից ու Բրազիլիայից, դա ձեր որոշելիը չէ։ Ի սկզբանե կար համաձայնություն, որ Մինսկի խմբի  եռանախագահներից որևէ մեկը պետք է ռազմական ուժով ներկայացված չլիներ հակամարտությունում։ Այս հայտարարությունները պարզապես Ռուսաստանի շահերի սպասարկում է՝ ի վնաս Հայաստանի ու Արցախի շահերի։

Այսինքն՝ հնարավորություն կա՞ր, որպեսզի Ֆրանսիայում բարձրացվեր միջազգային խաղաղապահների հարցը։

Իհարկե, խոսելու հնարավորությունը միանշանակ կար, և նրանք պարտավոր են խոսել ու հարցը բարձրացնել։ Հաճախ մեղադրում են, թե ինչ-որ երկիր քայլ չի անում, պետք է հասկանալ՝ քայլ անելուց առաջ դու պետք է հստակ բարձրաձայնես քո նպատակները, խնդիրները, խնդրանքը, ասես ինչ ես ուզում, որպեսզի մարդիկ կարողանան դիրքորոշում մշակել։ Հատկապես որ Ֆրանսիան բազմիցս քայլեր է արել և շարունակում է անել։ Ես այսօր արտերկրից եկած մի կարևոր գործչի հետ էի հանդիպում, նա ասաց՝ ի վերջո հոգնել կա, ինչքա՞ն կարող է Արևմուտքն անընդհատ ձեզ առաջարկություններ անել ու ձեր կողմից պատասխան չստանալ։ Ի վերջո կարող են թափ տալ ձեռքն ու ասել՝ ձեր հայրն էլ անիծած, ուզում եք կոտորվել, գնացեք կոտորվեք, ի՞նչ եք ուզում մեզնից։

Արցախի նախագահը ֆրանսիացի լրագրողի հարցին, թե չի՞ քննարկվում արդյոք Հայաստանի հետ Արցախի միացման տարբերակը, պատասխանել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա իրատեսական չէ: Այդպե՞ս է։

Անհեթեթ պնդում, որովհետև միջազգային իրավունքի տեսակետից ավելի անիրատեսական է Արցախի անկախության ճանաչումը։ Արցախի Անկախության ճանաչման համար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ամբողջությամբ և ՄԱԿ-ի անդամ երկրների 2/3-ը պետք է ճանաչեն Արցախի անկախությունը, որպեսզի այն ճանաչվի անկախ երկիր։ Թե դա ինչ կտա, այլ հարց է, որովհետև անկախ երկրի վրա ևս հարձակվում են։ Բայց այն, որ Արցախը Հայաստանի մաս է, և դրա համար իրավական հիմքեր կան, սա փաստ է։ Այստեղ ուրիշ հարց է գալիս, եթե Արցախի նախագահն ուզում է, որ Արցախն անկախ լինի, այդ դեպքում ինչո՞ւ է ուզում, որ Հայաստանն իրեն տարեկան 400 մլն դոլար գումար հատկացնի։ Այս գավառական մտածողությունից պետք է դուրս գալ, Հայաստանը կարող է պաշտպանել Արցախը, եթե Արցախն իր մասն է հանդիսանում։ Եվ ցավալի էր, որ դա չէր արվել, դրա համար 2020 թվականի պատերազմի ժամանակ մենք ներկայացվում էինք որպես «օկուպանտ»։

Իրավական հիմքը հետևյալն է, որն ապացուցում է, որ Արցախը Հայաստանի մաս է։ Դա 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույցն է։ Մյուսը 1988 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն է։ Դրանք այսպես ասած դեկլարատիվ ճանաչումներ են, այսինքն՝ լռելյայն ճանաչումն է։ Եվ սրան գումարվում է մոտ երկու տասնամյակ տևած միջպետական պրակտիկան, օրինակ, երբ Երևանում հավատարմագրված դեսպանատները վիզաներ են տվել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց։ Այսինքն՝ իրենք ճանաչել են Արցախը որպես ՀՀ մաս և այդ անձանց՝ որպես օրինապես այդ անձնագիրը կրողներ։ Նույն Արայիկ Հարությունյանն ի՞նչ անձնագրով է Փարիզ գնացել։ Եթե դու Հայաստանի դիվանագիտական անձնագրով գնում ես Ֆրանսիա, ուրեմն ՀՀ քաղաքացի ես։ Իսկ ՀՀ քաղաքացի ես, որովհետև Արցախը ՀՀ տարածք է։