Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե մնանք ռուսական ազդեցության գոտում, իրավիճակը ոչ թե կշարունակի մնալ անհույս, այլ կկորցնենք պետականության վերջին նշույլները

Lragir.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան էդուարդ Զորիկյանը

Պարոն Զորիկյան, Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Դուք ի՞նչ եք նկատում, հայաստանյան հասարակության մոտ ի՞նչ տրամադրություններ են այս հարցով, և ընդհանրապես Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։

ՀԱՊԿ ծիրում մնալը լոկ արգելափակում է Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որևէ այլ՝ գործող ռազմական կառույցի անդամակցելու, ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերելու մեր հնարավորությունները։ Ուստի, ՀԱՊԿ-ին անդամակցելը անիմաստ և ձևական երևույթ է ՀՀ-ի համար։ Մենք անվտանգության խնդիր ունենք և օր առաջ պիտի դուրս գանք այդ բուտաֆորական դաշինքից և անդամակցենք այնպիսի մի կառույցի, որը կկատարի իր պայմանագրային պարտականությունները։ Բողոքի ակցիայի հնչեցրած պահանջը վաղուց արդիական է, և այս պարագայում մեր կառավարությունը օրենսդիրի հետ համատեղ աշխատանքով պիտի գտնի ձևեր ՀԱՊԿ-ից անվտանգ դուրս գալու։ Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից ի վեր և հետագայում թշնամու կողմից ՀՀ միջազգայնորեն ընդունված սահմանների խախտման բազմաթիվ փորձերից հետո, որևէ հայի մոտ կասկած չի հարուցում ՀԱՊԿ-ը լքելու անհրաժեշտությունը։ Իսկ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո մենք ուղղակի իրավունք չունենք անդամակցելու մի կառույցի, որի անդամ է Ռուսաստանի Դաշնությունը։ Հակառակ դեպքում մենք դառնում ենք ահաբեկչությունը հովանավորող պետության ռազմավարական դաշնակիցը, ինչը հետագայում մեզ համար ահավոր խնդիրներ է առաջացնելու։ Կարծում եմ սա քննարկման հարց չէ, և լոկ ժամանակի խնդիր է, չսպասող ժամանակի, ուստի օր առաջ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Սա կլինի առաջին քայլը, որից հետո Հայաստանի Հանրապետությունը կկարողանա անվտանգության իր խնդիրներին այլ լուծումներ տալ։ Այս առումով, կարծում եմ, մենք ճիշտ ուղու վրա ենք, ուղղակի այդ ուղությամբ քայլերը պետք է արագացնել։ ՀՀ-ն իր պարտականությունները ՀԱՊԿ-ի հանդեպ մշտապես կատարել է, ՀԱՊԿ-ը՝ ոչ, և այնպիսի տպավորություն է, որ չի էլ պատաստվում կատարել։

Ռուսական հեռուստաալիքներով հատկապես վերջին ժամանակահատվածում հակահայ քարոզչությունն ուժգնացել է, ո՞րն է դրա նպատակը, ինչպե՞ս պետք է հակազդել։

Ռուսական հեռուստաալիքներով հակահայկական քարոզչությունը մշտապես է եղել` մեկ ուժգնացել է, մեկ մեղմացել, բայց եղել է միշտ։ Ես ավելի քան մեկ տարի է՝ այդ հեռուստաալիքներն անջատել եմ։ Կարծում եմ՝ նույնը պետք է անել նաև պետական մակարդակով։

Այսօրվա մարտահրավերներին ինչպե՞ս պետք է դիմակայել։ 44-օրյա պատերազմից հետո երկու տարի է անցել, բայց սխալները շարունակվում են, ի՞նչ պետք է անել։

Սխալների վրա սովորել, գործած սխալները հաշվի առնելով, այլ քայլերի գնալ։ Աշխարհը Ռուսաստանով և ՀԱՊԿ-ով չէ։ Ճիշտ հակառակը` ՌԴ-ն արդեն դուրս է մղվել գրեթե բոլոր միջազգային կառույցներից։ Ռուսաստանը վեջին ճիգերն է գործադրում, փորձելով ապացուցել, թե ինքն իրենից ազդեցիկ և գործող գործոն է տարածաշրջանում և աշխարհում, բայց այն մեթոդը, որով փորձում է ինչ-որ բան իրականացնել, աշխարհն ընդունում է որպես ահաբեկչություն և շանտաժ։ Մենք այդ ամենի հետ կապ չունենք, միաժամանակ բազմաթիվ պետական պայմանագրային թելերով կապված ենք։ Պետք է քայլ առ քայլ կտրենք այդ կապանքները, գործառույթները այլ ուղու վրա դնելով։ Ավելի ստույգ՝ պիտի վերականգնենք մեր վաղեմի դաշնակցային հարաբերությունները Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, հրաժարվելով ռուսական, սովետական մղձավանջից, ինչի մեջ ենք եղել գրեթե երկու դար։ Սա ահավոր բարդ խնդիր է, առաջին հայացքից գրեթե չլուծվող, բայց ես հուսով եմ, որ մեր հասարակությունը սկսել է հասկանալ, որ այն ծիրում, որում այսօր գտնվում ենք, Հայաստանի Հանրապետությունն ապագա չունի։ Մենք անկախություն հռչակելուց հետո երեք տասնամյակ նույն տեղում դոփում ենք, էլ չեմ ասում կրած անդառնալի կորուստների մասին։ Մենք իրավունք չունենք մեր երիտասարդների կյանքի հաշվին տարածաշրջանում օտարի ներկայությունը ապահովել, օտարի շահերը պաշտպանել։ Հայաստանի Հանրապետությունը պիտի հետադնդի լոկ իր ազգային շահը և բոլոր հարաբերությունները կառուցի մեր ազգային շահից ելնելով։

Իրո՞ք պատերազմից հետո իրավիճակն այնքան անհույս է, ինչպես այսօր փորձում են ներկայացնել իշխանությունն ու ընդդիմությունը։ Ինչո՞ւ են պարտվողական թեզեր ներարկում հանրությանը։

Եթե մնանք ռուսական ազդեցության գոտում, իրավիճակը ոչ թե կշարունակի մնալ անհույս, այլ կկորցնենք պետականության վերջին նշույլները։ Պարտվողական թեզերը ներարկվում են հյուսիսից, ես կասեի պարտադրվում են։ ՌԴ-ն մատը մատին չխփեց իր դաշնակցային պարտավորությունների իրագործման առումով, ճիշտ հակառակը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր թշնամիների հետ իրականացրեց «փայլուն ռազմական գործողություն»՝ ըստ Շոյգուի։ Այս ամենը եղել է մեր աչքի առաջ, մեր երիտասարդների կյանքի հաշվին։ Հերիք է, համբերության բաժակը լցվել է։