Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացված է ՀՀ տարածքը, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ մասին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵՄ խորհրդի որոշմանը՝ Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելու մասին։ Անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը որոշեց ընդունել ԵՄ առաքելությանը, իսկ ՀԱՊԿ առաքելությանը՝ ոչ։

«Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում։ Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, Եվրամիության դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան։ Նաև մեր ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք։ Բայց հարցի էությունը հետևյալն է՝ մենք ՀԱՊԿ պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր։ Քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միաժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Մյուս կողմից, ԵՄ քաղաքացիության առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ՝ մեր պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է։ Կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիտորինգ անելու, դիտելու։ Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե իրենք ինչ են դիտում։ Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացված է ՀՀ տարածքը, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց․ «Մինչև ԵՄ առաքելության մասին որոշման կայացումը, Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ։ Եվ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը, իր խոցելիությունները կառավարելու համար։ Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից։ Բայց քանի որ ՌԴ գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, և արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե՝ դուք իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական ու հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն։ Մենք ասացինք՝ շատ լավ, եկեք դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ոչ։ Սա է կարևոր նյուանսներից մեկը»։ Ըստ Փաշինյանի՝ աշխարհաքաղաքական ենթատեքստ այս ամենում չկա, կա կոնկրետ օրակարգ, հարց, որը փորձում են լուծել։