Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպան ընդունել է, որ ԼՂՀ-ն կայացել է նույն հիմքերի վրա, ինչ հիմքերի վրա կայացել են մյուս հանրապետությունները

Գիտնականներն իրավական փաթեթ պետք է կազմեն՝ միջազգային դատարան ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Մենք քննարկում ենք, բայց հետո դա չի դառնում մեծ փաստաթուղթ։ Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի՞ն պետք է լինի այն փաստաղթուղթը, որը պետք է ներկայացվի միջազգային դատարան։ Այնտեղ պետք է հաշվի առնվեն և Արցախի հիմնախնդրի բոլոր հիմքերը, և բոլոր փաստերը, և մեր թույլ տված վիրպումները։ Ո՞վ կարող է այդ փաստաթուղթը կազմել, երևի իշխանությունները չեն կարող, դա պետք է անի ոչ կուսակցական չեզոք մի մարմին։ Դա կարող է լինել միայն չեզոք գիտությունը։ Այդպիսի մի նախաձեռնություն քննարկվում է, որտեղ ասում են որ պետք է հարթակ ձևավորվի, որը դուրս կմնա քաղաքական բանավեճերից։ Եթե Ադրբեջանի գլխավոր փաստարկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան է, ապա դրան կարելի է հակադարձել, որ ԼՂ-ն երբևիցե Ադրբեջան չի եղել։ Դա թույլ կտա ասել իրավական փաթեթը, և դա է մեր գլխավոր փաստարկը, որ մենք պետք է հակադարձենք։ Քանի որ վերջերս Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով անընդհատ ասում են՝ հանքերը մեր հարստությունն են, ես ուզում եմ հիշեցնել, որ ԼՂ հիմնման մասին դեկրետում պարզ գրված է, որ ընդերքը, ջրերը, արոտավայրերը պատկանում են ղարաբաղցիներին։ Մենք չենք հակադարձում Ադրբեջանին հենց Ադրբեջանի լեզվով։ Մեր միջազգային գործընկերներին էլ չենք արձագանքում իրենց լեզվով, որովհետև Եվրոպան ընդունել է մի քանի փաստաթղթեր, որտեղ ճանաչել է ԼՂ ժողովրդի պայքարի արդարացի լինելը, և այն, որ ԼՂՀ-ն կայացել է նույն հիմքերի վրա, ինչ հիմքերի վրա կայացել են մյուս հանրապետությունները։ Կամ ԱՄՆ Կոնգրեսի 1989 թվականի նոյեմբերի 19-ին ընդունած որոշմամբ հորդորել է Գորբաչովին գտնել այնպիսի լուծում, որը կհամապատասխանի ԼՂ ժողովրդի հայացքներին։ Այսինքն՝ այս բոլոր իրավական փաստարկները կան»,- ասաց նա։

Ըստ Մանասյանի՝ կարելի է ապացուցել, որ Արցախը դա Ադրբեջան չէ, իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, այդ իրավունքն ունեն բոլոր ժողովուրդները։ Այդ իրավունքը ճանաչվել է նաև Ադրբեջանի կողմից, ԽՍՀՄ կողմից, որի իրավահաջորդն է այսօրվա Ռուսաստանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խոսում են այն մասին, որ ինքնորոշման իրավունքը ճանաչված է։