Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպայում՝ վտանգի «կարմիր» մակարդակը շարունակվում է

Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար։ Եվրանյուզը գրում է, որ հուլիսը դարձել է ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում.  7 անգամ ավելի քիչ տեղումներ են գրանցվել,  քան պետք է լիներ։ Հարյուրից ավելի համայնքներ խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիրներ ունեն, վտանգի տակ է բերքը։

«Մենք գտնվում ենք այն պայմաններում, որոնք հնարավոր չէ անվանել նորմալ: Մենք երբեք նման երաշտ չենք ապրել: Եվ վատ նորությունն այն է, որ, որքանով տեսնում ենք, հիմքեր չկան մտածելու, որ դա կդադարի»,- ասել է  Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով նախարար Քրիստոֆ Բեշուն։

Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտները երաշտի պատճառով գտնվում են հատուկ հսկողության տակ, դրանցից 46-ը գտնվում են վտանգի ամենաբարձր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ջրի օգտագործման լուրջ սահմանափակումներ։

Իտալիայի 16 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում և Ջենովայում, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ Այնտեղ օդի ջերմաստիճանը 40°C-ից բարձր է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին, նույնիսկ գիշերը, այն կարող է 30-ից ցածր լինել։

Նիդեռլանդների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս խնայել ջուրը՝ ավելի քիչ ժամանակ անցկացնել լոգարանում, չլվանալ մեքենաները և չջրել սիզամարգերը։ Մի քանի օր առաջ թագավորությունում ստեղծվել է հակաճգնաժամային խումբ, որն անհրաժեշտության դեպքում կկարգավորի ջրի բաշխումը։ Երկրի գետերից շատերն այնքան ծանծաղ են դարձել, որ պոմպերն այլևս չեն կարող աշխատել: