Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆագոտի և դաշնամուրի հնչյուններով կբացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք ինքնատիպ կամերային համերգով կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերների համար ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի՝ ֆագոտի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Կլոդ Դեբյուսիի Դաշնամուրի պրելյուդները։

Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնին մասնակցելը մեծ իրադարձություն է, իսկ բացման պատիվն ավելի է պարտավորեցնում, և աշխատում են ամեն ինչ անել՝ հաճելի երեկո պարգևելու համար։

Երաժիշտն ասում է, որ տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ գործեր են գրվել ֆագոտի և դաշնամուրի համար։ Երեկոյի ընթացքում իրենք կներկայացնեն 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործերը։ Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ որոշ գործեր Հայաստանում նախկինում կատարվել են նաև իր կողմից, սակայն Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար, Հայաստանում հնչելու է առաջին անգամ։

Երաժիշտը տեղեկացնում է նաև, որ դաշնակահար Անահիտ Դիլբարյանն այս ձևաչափով համագործակցում են առաջին անգամ։

«Սիմֆոնիկ Երևանը» դասական երաժշտության սիրահարներին կներկայանա 14 համերգներով։ 14 օրերի ընթացքում կհնչի հարուստ երկացանկ՝ հայտնի երաժիշտների կատարմամբ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով, փառատոնի անցկացմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։