Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիական բագետը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

Ֆրանսիական բագետը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին գրում է France 24-ը՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջին։

Որոշումն ընդունվել է Մարոկկոյում ընթացող Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ 2018 թվականին առաջարկել էր բագետը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Բեգետը Ֆրանսիայի խորհրդանիշն է ամբողջ աշխարհում։ Դրա ծագման մասին մի քանի առասպելներ կան։ Լեգենդներից մեկի համաձայն՝ Նապոլեոն Բոնապարտի հացթուխները հացի երկարավուն ձև են ստեղծել՝ զինվորների համար այն տեղափոխելը հեշտացնելու համար: Մեկ այլ վարկածի համաձայն՝ բագետը հորինել է ավստրիացի հացթուխ և հրետանու սպա Ավգուստ Ցանգը։

Ֆրանսիայում օրական մոտ 16 միլիոն բագետ են թխում, ինչը կազմում է տարեկան 6 միլիարդ: Փխրուն բագետ թխելու ունակությունը սերնդեսերունդ փոխանցվում է հացթուխների կողմից: Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայում վերջին տասնամյակների ընթացքում հացաբուլկեղենների փոքր մասնավոր խանութների թիվը նվազում է սուպերմարկետների խոշոր ցանցերի ճնշման պատճառով, սակայն բագետը շարունակում է մնալ երկրի հիմնական սննդամթերքը: