Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը». գեղարվեստական լուսանկարչություն` բխած հոգեվիճակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայ լուսանկարիչը` գերմանացի համադրողի աչքերով

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը եւ Հայաստանի պատմության թանգարանը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի եւ հայ-գերմանական, հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» ցուցահանդեսի համադրողն է գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի Kurfurstliches Gartnerhaus ցուցասրահի տնօրեն, Atelier Middelmann արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։
«Առավոտի» հետ զրույցում նախագծի ղեկավար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ իրենց համար կարեւոր էր Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունը ներկայացնել օտարազգի համադրողի տեսանկյունից, որը դեռեւս 2019թ.-ից ցանկություն էր հայտնել համադրել ցուցահանդեսը: «Նույնիսկ գերմանացի արվեստագետը կամ համադրողը կարեւոր շեշտադրումներ էր արել` մանկություն, հայրենիք, հող, բնապատկեր: Այս ամբողջը Գագիկ Հարությունյանի ստեղծագործության առանցքն է կազմել, եւ պատահական չէ, որ նա առանձին շարք ունի, որը կոչվում է «Գյուղական էսքիզներ»: Այդ գյուղական էսքիզներում հայաստանյան բնաշխարհի ու մարդու պատմությունն է, հայ մարդու կենսակերպը, իր մտորումները, իր խնդիրները»,- նշեց Սոնա Հարությունյանը: Նա անդրադարձավ նաեւ 1978-ին Փարիզում բացված ցուցահանդեսին, եւ փաստեց, որ Գագիկ Հարությունյանն առաջին հայ լուսանկարիչն էր, ում ԽՍՀՄ-ի տարիներին հնարավորություն էր ընձեռվել արտասահմանում` Փարիզում ներկայացնել «Հողը եւ մարդիկ» խորագրով ցուցահանդեսը:



«Ինչպես արվեստաբան Վիգեն Գալստյանն է նշել` Գագիկը միակն է, ով սկսել է աշխատել շարքերով: Հետաքրքիր էր, որ գերմանացի համադրողը եւս իր հերթին ցուցահանդեսը բաժանել է շարքերի` «Երկրի եւ երկնքի հատման կետում», «Մանկական աշխարհ», «Գաղտնիք, «Պահը», «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում»: Ուշագրավն այն է, որ ցուցահանդեսի բացման օրը Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում` կապված Արցախի հետ: Բոլորը միաձայն փաստեցին, որ Գագիկը նույնիսկ մահից հետո է գտնվում պատմական իրադարձությունների կիզակետում, որովհետեւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա առհասարակ Արցախից չէր վերադառնում Երեւան:

Նա այն լուսանկարիչն է, որը վավերացրել է Հայաստանի անկախացումը, առաջին խորհրդարանի ստեղծումը, Լենինի արձանի ապամոնտաժումը…»,-ընդգծեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահը:



«Իմիջիայլոց, ցուցահանդեսի համադրող Յուրգեն Միդելմանն ասում է, որ ինքն այդքան տեղեկացված չէ հայոց պատմությունից ու հայկական արվեստից, եւ ցուցահանդեսի համադրումն իրականացնելիս ելել է պատկերից, իր համադրումը կատարել է լուսանկարների ազդեցությամբ»,-հայտնեց Սոնա Հարությունյանը:

Տարբեր երկրներ շրջագայած ու լուսանկարած Գագիկ Հարությունյանի հարցազրույցներից մեկին անդրադառնալով` մեր զրուցակիցը հիշեցրեց լուսանկարչի այն միտքը, որ բոլոր երկրներն էլ հետաքրքիր են, բայց Հայաստանն իր համար առանձնահատուկ է, որովհետեւ հայրենիքում է բացահայտվում մարդու ինքնությունը:

«Գագիկն ասում էր, որ մարդը ամենուր նույնն է, բայց մեզ մոտ յուրաքանչյուրը շատ ավելի բազմաշերտ է ընկալում իրականությունը»,- նշում է Սոնա Հարությունյանը: Խոսելով Նկարիչների միությունում 5 տարի առաջ բացված Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսից, որ կրում էր «Ժամանակի ստվերները» խորագիրը, Սոնա Հարությունյանը փաստեց, թե ինչ մեծ ուշադրության է արժանացել այն անկախության սերնդի կողմից, եւ որ երկրորդ անհատական ցուցահանդեսն էլ ուշադրության ու հետաքրքրության նույն` բարձր սանդղակում է:



«Գագիկ Հարությունյանի ցուցահանդեսում այս սերունդն իր համար հայտնաբերում է հայրենիքը, պատմական ընթացքը: Ու շատ կարեւոր է, որ այս ամենը ներկայացվում է գեղարվեստական լուսանկարչությամբ: Շատերը սա ընկալում են որպես վավերագրություն, զուտ լուսանկարչություն, բայց իրականում սա է իրական արվեստը, որովհետեւ անկեղծ է արվել, բխել է արվեստագետի ներաշխարհից: Գագիկ Հարությունյանն ասում էր, որ այս բոլոր պատկերները ինքը կարող է անվանել վիճակներ, քանի որ իր հոգեվիճակի արտացոլումներն են:
Գագիկ Հարությունյանը համարվում է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկը: Հայաստանում նա էր առաջինը, որ հիմնադրեց լուսանկարչական դպրոց: Առաջին լուսանկարիչն էր, որը ներկայացրեց հայկական լուսանկարչությունը որպես արվեստ: Դրա վառ ապացույցն էր 1981-ից Վիգեն Թադեւոսյանի հետ «Գարուն» ամսագրում թղթակցությունը, երբ լուսանկարը հայտնվեց «Գարունի» շապիկների վրա: Դա ազդակ էր հանրությանը, որ լուսանկարը արվեստի գործ է, որը կարող է զարդարել ամսագրի շապիկը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում, որ Գագիկ Հարությունյանը համարվում է խորհրդահայ լուսանկարչության վառ ներկայացուցիչներից մեկը, որը ժամանակակից լեզվով է ներկայացրել Հայաստանը` «երկաթե վարագույրից» այն կողմ գտնվող մարդկանց, նաեւ ամեն շրջագայությունից հետո Երեւանում իր լուսանկարների միջոցով ներկայացրել այդ երկրները` Ֆրանսիայից ու Բելգիայից մինչեւ Աֆրիկա:

Մեր զրույցի ժամանակ Սոնա Հարությունյանը կարեւորեց նման ցուցահանդեսներին պետական այրերի ներկայությունը: Տվյալ պարագայում Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» ցուցահանդեսը հայ-գերմանական, հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում էր իրականացվում, միջոցառմանը ներկա էին այդ երկրների դեսպանները, իսկ հայաստանյան պետական այրերը բացակայում էին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը