Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գայանե Գաբրիելյան․ «Բոլոր տեսակի ՀԷԿ-երը նոր օրենսդրությամբ ենթակա են ՇՄԱԳ փորձաքննության»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն նաեւ քննարկվում է հասարակական կազմակերպությունների հետ, վերջերս էլ տեղի է ունեցել հանրային քննարկում, որտեղ ՀԿ-ների առաջարկներն էին քննարկում։

Գայանե Գաբրիելյան

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացն ու օրենսդրական փաթեթն ընդհանրապես աշխարհում ամենաբարդ օրենքներից մեկն է, քանի որ այն ներգրավում է բոլոր ոլորտները եւ շատ դժվար է մի օրենքի շրջանակներում համակարգել բոլորի շահերը, ստեղծել այնպիսի կոնսեսուսային փաստաթուղթ, որը բոլորին կբավարարի»,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

Նա վստահեցրեց, որ ՇՄԱԳ օրենսդրական այս փաթեթով խստացումներ են նախատեսվում, մի շարք ուղղություններով էլ՝ պարզեցումներ․ «Ինչ-որ տեղ այն պետք է լինի խիստ, առանց կոմպրոմիսների, բայց, իհարկե, պետք է հաշվի առնել կառավարության ծրագիրը, որ պետք է տնտեսական աճ գրանցենք։ Իսկ ՇՄԱԳ օրենքի ամենամեծ ընդդիմախոսը բիզնես միջավայրն է, որովհետեւ բիզնեսն ուզում է զարգանալ, ծավալվել, ներդրումներ անել, բայց եթե դա բնության հետ շատ կտրուկ հակասության մեջ է, ապա պետք է հաշվի առնենք բնությունը»։

Գաբրիելյանն ասաց, որ այդ նախագծով ընդլայնել են այն ոլորտները, որոնք պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց:

Փոխնախարարի խոսքով՝ խստացումները վերաբերում են օրինակ ՀԷԿ-երին․ «Եթե մենք նախկինում միայն 1ՄգՎտ հզորությունը գերազանցող ՀԷԿ-երը պետք է ենթարկվեին ՇՄԱԳ փորձաքննության, իսկ մինչեւ 1ՄգՎտ հզորության դեպքում ենթակա չէին, ապա այսօր բոլոր տեսակի ՀԷԿ-երը ենթակա են ՇՄԱԳ փորձաքննության, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ այսօր ՀԷԿ-երի շահագործման հետեւանքով ունենք բավական վատ իրավիճակ գետերի հետ կապված»։

Նա վստահեցրեց, որ օրենսդրական փաթեթում ներառվել են ոլորտներ, որոնք համապատասխան են Օրհուսի կոնվենցիային, քանի որ երկիրը ստանձնել է պարտավորություն․ «Դրանք վերաբերում են թափոններին, վտանգավոր թափոններին եւ որոշակի գործողություններ, որոնք կապված են ջրային ռեսուրսների հետ, եւ շինարարության ոլորտին»։

Խաչատուր Խաչատրյան

Ասուլիսի մեկ այլ մասնակից, նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանն էլ ասաց, որ նախագծերի փաթեթով փոփոխություններ են կատարվում ոչ միայն ՇՄԱԳ օրենքում, այլ նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ընդերքի, լիցենզավորման մասին օրենսգրքերում․ «Վարչական իրավախախտումների մասին ներկայիս օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեություն ծավալելու համար եւ հետագայում տեսչական մարմնի պահանջով չներկայացնելու համար: Նոր փոփոխություններով պատասխանատվության չափը բավական խստացվել է այն բանից հետո, երբ անձը ենթարկվում է պատասխանատվության եւ դրանից հետո չի ներկայացնում փորձաքննության։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն, անհրաժեշտության դեպքում, առանց փորձաքննական դրական եզրակացության կամ բացասական եզրակացության գործունեություն ծավալելու համար կարող է կասեցնել տնտեսվարողի գործունեությունը»։

Խաչատրյանի ներկայացմամբ՝ եթե գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի մինչեւ 100 կամ 150-ապատիկ է, այս նոր նախագծով՝ մինչեւ 5000-ապատիկի չափով տուգանք կարող է նշանակվել:

Նոր նախագծով, ըստ բանախոսների, սահմանվում է՝ եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել ու շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում օրենքով պատասխանատվություն է նախատեսված:

 Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ