Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գազաբենզալցակայանների նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն. կան գործունեությունը կասեցնելու որոշումներ

Հայաստանի ամբողջ տարածքում գործող թե բենզալցակայանների, թե գազալցակայանների նկատմամբ տեսչական մարմնի կողմից իրականացվում են խիստ վերահսկողական գործառույթներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրեց, որ այնքան մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, որ դրանք կարելի է որակել նախադեպը չունեցող:

«Ասեմ, որ դրանց զգալի հատվածը տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղ գտնվելն ուղղակի անթույլատրելի է, իսկ դրանցում արձանագրված կոպիտ խախտումներն ուղղակի սպառնալիք են թե հրդեհների առաջացման, թե դրա հետևանքով հանրության անվտանգության համար: Տեսչական մարմնի կողմից արդեն իսկ կայացվել են մեկ տասնյակից ավելի որոշումներ արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին»,-ասաց Գարեգին Խաչատրյանը:

Անդրադառնալով Հրաչյա Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանում կատարված ստուգումներին՝ Գարեգին Խաչատրյանը նշեց, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց հիմքով տրամադրվել էր կարգադրագիր այդ բենզալցակայանի գործունեությունը արգելելու մասին: Հետագայում տեսչական մարմնի կարգադրագիրը բողոքարկվել էր դատարանում, որի կողմից որոշում էր կայացվել կասեցնել տեսչական մարմնի կարգադրագրի կատարումը: Տեսչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան և կարգադրագրի կասեցումը վերացվել էր դատարանի կողմից:

Ներկայում տեսչական մարմինը կարգադրագրի պահանջը չկատարելու հիմքով հարուցել է վարչական վարույթ: Առաջիկա օրերին կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ: