Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գեղամ Շախբազյանը պաշտոնանկ է արվել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Գեղամ Շախբազյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։

Հիշեցնենք, որ այս տեսչական մարմնի նկատմամբ մեծ քննադատություն առաջացավ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Պարզվեց՝ տեսչական մարմինն այնտեղ խախտումներ է հայտնաբերել, սակայն դրանք վերացնելու հարցում հետևողական չի եղել։

Շախբազյանի խոսքով, ազատման դիմում ինքն է ներկայացրել։ Հրաժեշտի խոսքում պայթյունի մասին պատասխանատվության վերաբերյալ խոսք չկա։

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, երբ փաստացի կառույցը կազմավորված չէր։ Աշխատանքային գործունեությանս առաջին օրվանից և դրան հաջորդող տարիների ընթացքում ՏՄ ղեկավարի պաշտոնում ես և իմ թիմը լծվել ենք Տեսչական մարմնի կազմավորման, և կայացման բարդ գործին։ Աշխատանքիս վերաբերվել եմ պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ, ջանք չխնայել՝ օր առաջ ՏՄ վերահսկողության ոլորտներում առկա յուրաքանչյուր խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնելուն։

Որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար՝ այս ընթացքում որդեգրել եմ այն սկզբունքը, որ Տեսչական մարմնում առկա ռեսուրսով և գործիքակազմով պետք է և պարտավոր եմ անել առավելագույնը՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում անվտանգությունն ապահովելու, կանխարգելիչ-իրազեկող միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, և հիմա վստահաբար նշում եմ, որ դա ինձ հաջողվել է։

Այս տարիների ընթացքում հազարավոր տնտեսավարողների մեջ կարողացանք ձևավորել ու արմատավորել այն գիտակցումը, որ անընդունելի ու մերժելի է օրենքի ու օրինականության շրջանակներից դուրս գործելաոճը»։

Մինչդեռ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ  քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի:

Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների  16 խախտումներ: Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

Ըստ դատախազության, մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի  առաջացման պատճառ են հանդիսացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։