Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց․ կան բավարար փաստեր՝ պնդելու, որ նրանք պատանդներ են

Այսօրվա դրությամբ 156 գերիներ հայրենադարձվել են, բայց կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսւմ տեղեկացրեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է այն, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհայտացման։ Ադրբեջանում գերիների պաշտոնական թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը կազմում էր 33, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպք։ Նրանց ճնշող մեծամասնությունն արդեն պաշտոնականացվել է, բայց առաջիկայում ևս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ միջոցով»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ անհատական գանգատների և միջպետական գործընթացի շրջանակներում գերիների հիմնախնդիրները բարձրացվում են։ Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում։ Ըստ նրա՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշ առումով՝ նաև աննախադեպ, որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց։ Պետությունն իր դեմքով առաջին անգամ է այսքան ակտիվ գործում միջազգային իրավական ատյաններում։

«Թերևս միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում, դա Պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է նույն ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց, և նրանք որպես պատանդներ՝ պահվում են ու օգտագործվում են որպես միջոց՝ Հայաստանի իշանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Եվ նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից։ Դրա համար կան բավարար փաստեր՝ պնդելու, որ նրանք պատանդներ են»,- հավելեց նա։