Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանացի պաշտոնյան հարաբերականացրեց հայերի ողբերգությունը՝ հորդորելով այն չհամեմատել ուկրաինականի հետ․ «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 14-ին ԳԴՀ արտգործնախարարության խոսնակ Վագները մամլո ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողների հարցին ի պատասխան խուսանավելու մի տարբերակ էր որդեգրել՝ պնդել, թե որ կողմն է ագրեսոր, չի կարող, քանզի անկախ դիտորդների փաստարկներն իրենց հասանելի չեն եղել։

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարարության մյուս խոսնակը՝ Զասսեն, հարցերի առավել մեծ աքցանի մեջ հայտնվեց եւ… ցույց տվեց, թե իր երկրում ստեղծված մշակութային ահռելի ժառանգությունը, որ բարոյականության հավերժական ուղերձ է սերունդներին, եւ դրա մեջ արդարամիտ լրագրությունը, իրականում անհամատեղելի է տնտեսական շահի տեսանկյունից, եւ գերմանական քաղաքական խոսույթը նախւընտրում է հեռանալ բարոյականությունից։ Գերմանացի լրագրողի հստակ հարցը՝ ի վերջո այս անգամ կարո՞ղ եք հստակ հայտարարել, թե որն է ագրեսոր կողմը, դարձյալ խճճվեց պատասխանողի երկարաբանությունների լաբիրինթոսում։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Փելոսին այս օրերին գտնվում է Երևանում և հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի ապօրինի և մահացու հարձակումն է Հայաստանի վրա, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին։ Դաշնային կառավարությունն այժմ տեղեկություն ունի՞, թե ո՛վ է հարձակվել այնտեղ։ Դուք դա դատապարտո՞ւմ եք»։ Արտգործնախարության խոսնակը նորից շատ երկար խոսեց, բայց հստակ պատասխան չտվեց, եւ փորձեց հարցը կոծկել՝ հնչեցնելով, թե կողմերի միջեւ հրադադար է հաստատվել։ Նա հավասարակշռությունը կորցրեց, երբ լրագրողը շարունակեց պնդել՝ ագրեսորի հստա՛կ անվանում։

«Ես ձեզ ասացի, որ սա շատ բարդ հակամարտություն է, որը շարունակում է սրվել և միշտ հանգեցնում է հակամարտող կողմերի միջև լարվածության, և որ այժմ խնդիրը հրադադարի պահպանումն է, որը գործում է անցյալ շաբաթից։ Այնուհետև դիվանագիտական ջանքերով նպաստել հակամարտության երկարաժամկետ լուծմանը՝ հակամարտող երկու կողմերի հետ»։ Լրագրողը դարձյալ պնդեց՝ «խնդրում եմ պատասխանեք հարցին՝ արդյո՞ք դաշնային կառավարությունն այժմ տեսնում է Ադրբեջանին որպես այս հարձակման պատասխանատու։ Տիկին Փելոսին Հայաստան այցից առաջ զրուցել է նաև տիկին Բերբոքի հետ։ Համաձա՞յն եք տիկին Փելոսիի հետ, որ Ադրբեջանն է պատասխանատու այս հարձակման համար»։

«Մենք այստեղ ներկայացնում ենք դաշնային կառավարության գիծն ու վերաբերմունքը։ Այն, ինչ ասում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը այս հարցի և այս հակամարտության վերաբերյալ, իր գործն է։ Այս պահին ես ձեզ ներկայացրել եմ Դաշնային կառավարության դիրքորոշումը», եղավ պատասխանը։

Լրացուցիչ հարց տրվեց՝ «Հարձակումը Հայաստանի՛, ոչ թե Լեռնային Ղարաբաղի վրա էր։ Ադրբեջանը դրանով խախտե՞լ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Պատասխանն այսպես հնչեց. «Սա վերաբերում է ձեր հիմնարար հարցին, թե ով է մեղավոր այս վերջին էսկալացիայի համար։ Հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ»։

Եվ նորից գերմանացի պաշտոնյան՝ արտգործնախարարության խոսնակը հարաբերականացրեց հայերի ողբերգությունը՝ հորդորելով այն չհամեմատել ուկրաինականի հետ։

Ո՞վ պիտի սանձի այս պաշտոնյային, եթե ոչ Հայաստանի իր պաշտոնակիցը՝ գրավոր եւ ԶԼՄ-ների համար հասանելի տարբերակով։ Տեսե՞լ ենք նման բան։

Էջերով կարելի է գրել, նույնիսկ ներկայացնել լրագրողների եւ արտգործնախարության տարբեր խոսնակների հարցուպատասխանի սղագրությունը, ինչը Գերմանիայի դիրքորոշման անփոփոխելի վարքի պարագայում միգուցեեւ արդարացի լինի պահ տալ պատմությանը, քանի որ հայ հանրության շրջանում թյուր պատկերացում կա, թե քրիստոնյա Եվրոպայում անհանդուրժող կլինեն, եթե քրիստոնյա, մանավանդ ժողովրդավար Հայաստանի հանդեպ ոտնձգություն կատարեն մահմեդական, ավտորիտար բռնակալներ։

6 օր առաջ ԳԴՀ դեսպանությունը ֆեսբուքան իր էջում ծանուցեց հետեւյալը՝ «նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում։ Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու», այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին», ամփոփում է Թինտրուպը»։

Շատերն էին Հայաստանում կարդացել եւ արձագանքել գերմանացի փոխդեսպանի գրառմանը, եւ ինձ համար զարմանալին երկու ակնառու փաստ է՝ ինչո՞ւ ԳԴՀ արտգործնախարարությունը չի վստահում իր նորանշանակ դիվանագետի տեսածին, ինչո՞ւ նրա գրագրությունից որեւէ տող չի փոխվում ԳԴՀ արտգործնախարարության դիրքորոշման մեջ։ Դեսպանության ֆեյբուքյան էջում իմ գերմաներեն նույնաբովանդակ գրառմանը հարկ չհամարեցին պատասխանել։

Իսկ ամենացավալին միշտ նույն հարցն է՝ ինչո՞ւ է հայ հանրությունը շարունակում իր խոնարհ, ծնրադիր շնորհակալությունը, երբ օտարը ձեւակերպում է՝ «մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»։

Մնում է մեր արյամբ սրբենք նրանց արցունքները։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում