Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան

«Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգում։ Համոզված ենք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մենք, կարծում ենք, որ Հայաստանն ունի հանձնառություն Արցախի անվտանգությանը և այլ հարցերին տեր կանգնելու»,-  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա ասաց, որ հենց այս կետերի շուրջ  իշխանություններն  իրենց հետ համաձայն չեն և դրա համար ավելի վաղ իրենց ներկայացրած հայտարարությունը չընդունվեց. «Հետագայում նախաձեռնել ենք լրացումներով նոր հայտարարության տեքստ, որը որոշակի ժամկետում կներկայացվի Ազգային ժողովում»։

Թևանյանը ներկայացրեց իշխանության հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունները.

«Եթե կարճ ձևակերպենք այդ տարաձայնությունը, հետևյան են՝

Հայաստանի  իշխանությունները Ղարաբաղը  դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, մենք ոչ։

Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց  պետք է չլինի Հայաստանի օրակարգում, մենք  հակառակ  կարծիքին ենք։

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այն իրական հանձնառությունից, որը  նախատեսված է  մեր օրենսդրությամբ և մեր պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է դրված, այսինքն՝  ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի  կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք»։

Նա հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակման և Արցախի շուրջ ստեղծված ու Հայաստանի անվտանգությանը վերաբերող այս իրավիճակը ստեղծվել է 2018 թվականի մայիսի 9-ից։

«Եթե հիշեք Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում և  համադրեք այդ խոսքերն այսօրվա նրա հայտարարությունների հետ, ապա դրանք իդենտիկ են։

Ի՞նչ ասվեց մայիսի 9-ին. ասվեց՝ ես չեմ բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետև նման մանդատ չունեմ, թող ղարաբաղցիները բանակցեն, թող նստեն, Ադրբեջանի հետ քննարկեն, մենք այդ մանդատը չունենք, մենք Հայաստանի անունից ենք խոսելու։ Հիմա էլ են նույն բանն ասում. ասում են՝  մենք ինչ կապ ունենք Լաչինի միջանցքի բանակցությունների հետ, թող ղարաբաղցիները Բաքվի հետ լեզու գտնեն։ Հենց մայիսի 9-ից սկսած այդ պրոցեսը, որը հանգեցրեց և բանակցային գործընթացի հետագա պրոբլեմներին և պատերազմ ու պարտություն բերեց, հիմա բերել է նաև մի վիճակի, երբ որ Հայաստանը ոչ թե ձեռքերը լվանում է  Ղարաբաղից, այլ ամեն կերպ նպաստում է, որպեսի Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետև 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպման ընթացքում  Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։ Դրանով  ֆունդամենտալ փոփոխություն է մտել ամբողջ ղարաբաղյան գործընթացի ու բանակցային տրամաբանության մեջ, քանի որ Լաչինի միջանցք հասկացողությունը Պրահայում վերացվել է. եթե Ղարաբաղը  պատկանում է  Ադրբեջանին, ապա ինչ Լաչինի միջանցքի մասին է խոսքը»,- ասաց Թևանյանը։

Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, կամ եթե նույնիսկ բացվի, պարբերաբար փակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քաղաքական փոփոխություն չի եղել, քաղաքականության փոփոխություն չի եղել, իսկ քաղաքականության փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն շատ պարզ պատճառով՝ Հայաստանի իշխանություններն առևտրի առարկա են դարձել  Հայաստանի և Արցախի գոյությունը և, ըստ էության, եթե մենք նայենք Արևմուտք-ՌԴ հակադրությանը և մեր տարածաշրջանում ով ինչ դիրքորոշում է  բռնել, պարադոքսալ է, բայց ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանն իր իշխանությունների քարոզչությամբ, իր բոլոր  հյտարարություններով ամենաշատն է միացած արևմտյան կոալցիային, մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ այդ բախման արանքից։

«Լաչինի  միջանցքի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են  ներքաղաքական դաշտում։ Մենք կարող են փոփոխություն մտցնել այս իրավիճակում, եթե  կարողանանք հանրային քաղաքական լայն կոնսոլիդացիայի  միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն իրականացնենք»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։