Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղրղզստանի վարչապետը Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ

Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանին մեղադրել է ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլելու մեջ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավարի մամուլի ծառայությունում, երեքշաբթի հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ժապարովն իր զրուցակցին տեղեկացրել է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերջերս տեղի ունեցած սրման մասին։ Նրա խոսքով, բախումների արդյունքում Ղրղզստանի սահմանամերձ գյուղերում ավերվել են քաղաքացիական և սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ՝ վնասվել է 12 դպրոց, 11 մանկապարտեզ, գրեթե ամբողջությամբ այրվել է 612 տուն։

Ժապարովն ասել է, որ Ղրղզստանը «միշտ եղել է, կա և կլինի բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից»։

«Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Մեզ ուրիշինը պետք չէ, բայց մենք չենք հրաժարվի մերից: Տաջիկական կողմի նման անօրինական և ավերիչ գործողությունները խարխլում են մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունը»,- նախարարների կաբինետի ղեկավարն մեջբերում է մամուլի ստորաբաժանումը։