Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գիտնականները գոտիավորել են Մասրիկ և Սոտք ջրհավաք ավազանը՝ ըստ բնապահպանական ռիսկի

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից վերջին տարիների ընթացքում պարբերաբար իրականացվել է Սևանա լիճ թափվող Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում հիդրոքիմիական, հիդրոէկոլոգիական հետազոտություն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդմամբ, արդյունքում պարզվել է Մասրիկ և Սոտք գետերի ջրում սուլֆատ իոնի բարձր կոնցենտրացիաների առկայություն, Ֆոսֆատներով, նիտրատներով աղտոտվածության  ցուցանիշներ, ինչպես նաև քրոմի զգալի քանակ: Ուսումնասիրությունները կատարվել են ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարինե Նալբանդյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականների մասնակցությամբ: Ուսումնասիրություները հիմնվել են հատուկ նմուշառման կետերի համակարգի հետազոտական մոնիտորինգի վրա:

«Նիտրատներով ու ֆոսֆատներով գետերի աղտոտվածությունն արդեն «պարարտ հող» է գետում ջրիմուռների ձևավորման համար: Ուսումնասիրության գիտական նշանակությունն այն է, որ մաքրման միջոցառումների բացակայության պայմաններում շարունակական աղտոտումը հանգեցնում է գետային էկոհամակարգի էկոլոգիական դեգրադացման»,- ասել էՄարինե Նալբանդյանը:

Նա նշել է, որ 2020-2021 թվականներին իրականացրել են Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում բնապահպանական ռիսկի գնահատման ու, ըստ ռիսկերի չափի, գոտիների քարտեզագրման ուսումնասիրություն:

«Ուսումնասիրության յուրահատկությունն այն է, որ բացի ռիսկի էկոլոգիական գործոններից հաշվի առնվեց նաև բնակչության խտությունը: Արդյունքում ավազանը բաժանվեց, ըստ ռիսկի, 3 գոտու: Գոտիավորումն իրականացվել է գետի ակունքից դեպի գետաբերան: Առաջին գոտին Սոտք գետի հիմնական հատվածն է, որտեղ հանքարդյունաբերության ազդեցության գործակիցն առաջնային է, բայց այն ռիսկի գնահատման առումով 2-րդ տեղում է: Մյուս գոտին ընդգրկում է ջրավաք ավազանի միջին հատվածը, որտեղ գյուղատնտեսության ազդեցությունն է գերակշռում: Այստեղ  բնապահպանական ռիսկի չափը համեմատական մոտեցմամբ ամենաթույլն է: Երրորդ գոտին հարում է լճին, որտեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ բնակավայրեր: Այն ունի ամենաբարձր բնապահպանական ռիսկը, որը պայմանավորված է բնակչության խտությամբ և  կոմունալ-կենցաղային հոսքերով Մասրիկ գետի աղտոտմամբ:

Գետային ավազանի քարտեզագրումը և բաժանումն ըստ ռիսկի գոտիների կիրառական նշանակություն ունի. կարող է հանդես գալ որպես մոդել այլ գետերի նմանատիպ ուսումնասիրությունների համար, օգտագործվել ավազանի կառավարմանը միտված ծրագրերում»,- ասել է Մարինե Նալբանդյանը:

Մարինե Նալբանդյանը նշել է նաև  Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում մեկ այլ կարևոր ծրագրի մասին, որի շրջանակներում ուսումնասիրվել է ծանր մետաղների շարժը հող-ջուր-բույս համակարգում:

«Հատուկ գործակիցների օգնությամբ հաշվարկվել են ծանր մետաղների կուտակման և տեղափոխման օրինաչափությունները հող-ջուր-բույս համակարգում: Ըստ արդյունքների՝ պղինձը բույսերում ունի կենսակուտակման բարձր գործակից: Կապարի անցումը հողից բույս ավելի թույլ է արտահայտված՝ համեմատած պղնձի հետ, իսկ ամենացածրը նիկելի անցումն է հողից բույս անգամ հողում վերջինիս հարաբերականորեն բարձր պարունակության ու  խտության աճի դեպքում: Այս ուսումնասիրման կիրառական նշանակությունն այն է, որ բացահայտվեցին բուսատեսակներ, որոնք կարող են բարձր աղտոտվածություն ունեցող որոշակի հողերի տեսակից կլանել ծանր մետաղները՝ մաքրելով այն: Հետազոտված բույսերն են՝ Bentgrass (Agrostismarschalliana), Catabrosa (Catabrosaaquatica)»- ասել է Մարինե Նալբանդյանը:

Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են ուկրաինական «Agrology» ամսագրում։

Մարինե Նալբանդյանի կարծիքով՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար սերտ համագործակցություն է հարկավոր:

«Օրինակ, դիտարկվող Մասրիկ գետի ավազանում բավարար չափով ուսումնասիրված չէ ստորերկրյա ջրերի ազդեցությունը,  որակական իմաստով նրանց ներդրումը Սևանի աղտոտման մեջ, ուսումնասիրված չէ լանջային հոսքերի դերը միջավազանային տարածքներում: Արդյունքներն ավելի խոսուն դարձնելու համար հարկավոր է մշակել նոր մեխանիզմներ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նաև մեծ նշանակություն կարող է ունենալ ռազմավարական տեսանկյունից մոնիթորինգային ու գիտական ծրագրերի ներդաշնակեցումը տվյալների կիրառելիությունը բարձրացնելու առումով»,- նշել է Մարինե Նալբանդյանը: