Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գիտությունը հույս և հավատ է տալիս, որ կյանքը շարունակվում է». մեկնարկել է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջանը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը կարևորեց երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանների դերը հայ արվեստագիտության, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմության մեջ: «Այս նստաշրջանների կորիզն Արվեստի ինստիտուտի գիտաշխատողներն են, սակայն դրանք նաև համախմբում են արվեստի ոլորտում մնացած ԲՈՒՀ-երի, թանգարանների երիտասարդ հետազոտողներին նույնպես: Այս միջոցառումների ընթացքում տեսնում ենք, թե ինչ ներուժ կա, ինչ հերթափոխ ունի արվեստագիտությունը, և միշտ շատ ուրախանում ենք, որ արվեստագիտությունը չի ծերանում, մենք ունենք արժանի հերթափոխ, մեր շարքերն անընդհատ համալրվում են երիտասարդներով», – ասաց Աննա Ասատրյանը:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ասաց. «Այս գիտական նստաշրջանները լավ դպրոց են երիտասարդ գիտնականների համար՝ փորձարկելու իրենց աշխատանքի առաջին արդյունքները: Այս միջոցառումները շատ օգտակար են և պետք է լինեն շարունակական: Ուզում եմ դիմել երիտասարդներին. դուք ընտրել եք հրաշալի մասնագիտություն, ձեր մասնագիտությունը ոչ միայն հետաքրքիր է և հեռանկարային, այլ նաև շատ գայթակղիչ: Դուք միշտ փնտրում եք գեղեցիկը և նկարագրում, բացահայտում այն: Սա գնահատվում է գիտական հանրության և հասարակության կողմից: Արվեստի ինստիտուտում ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ գիտական աշխատանք կատարելու համար»:

Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ողջունելով և շնորհավորելով նստաշրջանի մասնակիցներին, ասաց. «Ինձ համար «երիտասարդ» հասկացությունը շատ հարաբերական է, որովհետև երիտասարդ ժամանակ անում են այն քայլերը, որոնք երբեք հետո չեն անում, և այն համարձակությունը, որը նրանք դրսևորում են երիտասարդ ժամանակ, հետագայում չեն դրսևորում: Առհասարակ, երիտասարդը պետք է բոլոր ուղղություններով աշխատի, մտածի և անի այն, ինչը տալիս է իրեն նոր հնարավորություններ: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր գիտակցում են, թե ինչ կարևորություն ունի արվեստը մարդկության զարգացման գործում»:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն իր ելույթում նշեց. «Այսօրվա մեր քաղաքական, հոգեբանական, բարոյական ծանր իրավիճակում գիտությունը հույս և հավատ է տալիս, որ կյանքը շարունակվում է, և երիտասարդները շարունակում են ստեղծագործել: Ուզում եմ շեշտը դնել սերնդափոխության վրա և նշել, որ այս առումով մեծ դերակատարություն ունի Արվեստի ինստիտուտի ղեկավարությունը, որ կարողացավ ձեռքն անընդհատ պահել զարկերակի վրա, բաց չթողեց լավ կադրերին: Սա համարում եմ մեծ և կարևոր աշխատանք: Հաջողություն եմ ցանկանում նստաշրջանի մասնակիցներին, հույս ունեմ և հավատում եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու»:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն ակադեմիկոս Յուրի Սուվարյանին շնորհեց «Գիր գնահատանքի» Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ: Արամ Սաթյանին շնորհվեց վաստակագիր՝ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայ երաժշտարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար: Վաստակագրեր շնորհվեցին նաև դոկտոր Լիլիթ Արզումանյանին՝ հայ արվեստագիտության ասպարեզում ծանրակշիռ վաստակի համար և արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերի Կիրակոսյանին՝ Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահի պաշտոնում կատարած երկարամյա անբասիր և բեղմնավոր աշխատանքի համար:

Նստաշրջանի ընթացքում երիտասարդ գիտնականները հանդես կգան զեկուցումներով: Ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Ակադեմիական երաժշտական ֆոլկլորագիտության օջախը. անցած ուղին, ներկան և ապագան» համերգը` նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի հիմնադրման 55-ամյակին:

Նստաշրջանի նիստերը կշարունակվեն դեկտեմբերի 2-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին