Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գլխավոր դատախազի տեղակալն ԱՄՆ-ում Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող  տեղակալ Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 5-12-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող «‎Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին՝ կազմակերպված «‎Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից: Դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և քննարկել շարունակական ու արդյունավետ  փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

ԳԴ Հանրային կապերի բաժին