Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակառակն է տեղի ունեցել, Հայաստանը դեօկուպացրել է Ադրբեջանի կողմից ռուսների օգնությամբ դեռևս 1920-21 թվականին գրավված ՀՀ տարածքը

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, ի՞նչ է ցույց տալիս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանը տասնամյակներ շարունակ օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջանները»։

Այս հայտարարությամբ Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության դաշնակիցը։ Որևէ հիմք չկա ասելու, որ Հայաստանը օկուպացիա է ենթարկել Ադրբեջանի տարածքը։ Ինչո՞ւ է հիմա այս մասին հայտարարվում, որովհետև, կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա օգտագործում է բոլոր հնարավոր ճնշման միջոցները՝ Հայաստանից կորզելու համար զիջումներ, մասնավորապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Մյուսը, որն ավելի կարևոր եմ համարում, դա Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների էլ ավելի խորացումն ու բարելավումն է՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը՝ ճեղքելու շրջափակումը։ Իսկ Ադրբեջանի դեպքում կարևորվում է միջնորդ լինելը, հատկապես գազի վերաարտահանման առումով։ Իրենք առաջնորդվում են այն մտայնությամբ, որ միևնույն է, Հայաստանը այլընտրանք չունի, մշտապես կապված է լինելու Ռուսաստանին։ Իսկ նրանք, ովքեր ավելի իրատես են և համարում են, որ Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի ապահովել իր անվտանգությունը, մտածում են, որ Ռուսաստանի համար կարևոր են Թուրքիան ու Ադրբեջանը։

Միջազգային հանրության տեսանկյունից երբևէ դիտարկվե՞լ է, որ «Հայաստանն օկուպանտ է»։

Ոչ, նման բան չի եղել, եթե նման դիրքորոշում լիներ, առաջին հերթին Հայաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեին։ Որպեսզի ասվի, որ օկուպացիա է տեղի ունեցել, միջազային իրավունքի տեսակետից շատ կարևոր հանգամանք կա։ Այսինքն՝ տարածքը պետք է միջազգային իրավական փաստաթղթով պատկանի տվյալ դեպքում Ադրբեջանին, իսկ ՀՀ զինված ուժերը գրավեն ու օկուպացնեն։ Չկա որևէ միջազգային փաստաթուղթ, միայն սովետական ներքին կուսակցական որոշումներով է Արցախը դրվել Բաքվի վարչական ենթակայության տակ։ Անգամ ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերը, որոնք ընդունվել են ժամանակին, այնտեղ Հայաստանն օկուպանտ չի համարվել։ Այնտեղ Հայաստանին կոչ է արվում, որպեսզի գործադրի իր ազդեցությունը՝ տեղական ուժերին դուրս բերելու։ Տարբեր շրջանների մասին է խոսքը։ Հետևաբար, չկա Հայաստանին օկուպանտ որակող որևէ միջազգային փաստաթուղթ։ Եվ ամենակարևորը, նաև պետք է նշենք, որ ընդհակառակը, Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, որոնք վիզաներ են տրամադրել Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիներին, դրանով իսկ ճանաչել են Արցախը որպես ՀՀ մաս։ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների միջազգային կոնվենցիայի համաձայն՝ հստակ է, որ երկրում հավատարմագրված դեսպանատներն սպասարկում են տվյալ երկրի տարածքը։ Իրենք դրանով իսկ ընդունել են, որ Արցախը ՀՀ տարածք է։ Հետևաբար, Լավրովը պարզապես աճպարարություն է անում՝ սիրաշահելու Թուրքիային ու Ադրբեջանին։

Մյուս երկրներին մենք կարող ենք մեղադրել այն հարցով, որ բացահայտ չեն ճանաչել Հայաստանի իրավատիրությունն Արցախի նկատմամբ, բայց այստեղ ես ուզում եմ շեշտել, որ սխալը մերն է եղել, մենք երբեք նման հարց չենք բարձրացրել։ Կամ 1988-ին բարձրացրել ենք, հետո 1991-ին հրաժարվել։ Մենք գնացել ենք ժողովուրդների ինքնորոշման ճանապարհով, իսկ ինքնորոշում նշանակում էր կամարտահայտություն ԼՂԻՄ-ի տարածքի վրա, և մշտապես պատրաստակամություն ենք հայտնել այդ տարածքները կարգավիճակի դիմաց տալու։ Հետևաբար, Արևմուտքը չէր կարող ավելին անել։ Բայց Արևմուտքը, միանշանակ չհայտարարելով, որ դա հայկական տարածք է, միևնույն ժամանակ երբևէ չի հայտարարել, որ դա ադրբեջանական տարածք է և օկուպացված է։ Այսինքն՝ եթե Արևմուտքը համարեր, որ Արցախն ադրբեջանական տարածք է, ուրեմն պետք է ընդհանրապես համարեր, որ նման խնդիր գոյություն չունի։ Այնինչ, Մինսկի խմբի եռանախագահությունն ստեղծվել է՝ լուծելու համար Արցախի պատկանելության հարցը, ոչ թե մարդու իրավունքների կամ միջանցքի ապաշրջափակման հարցերը։ Եթե միանշանակ լիներ, որ Հայաստանն օկուպանտ է, եռանախագահությունը չէր ստեղծվի, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեին և կստիպեին, որ Հայաստանը դեօկուպացիա իրականացներ։ Այնինչ, հակառակն է տեղի ունեցել, Հայաստանը դեօկուպացրել է Ադրբեջանի կողմից ռուսների օգնությամբ դեռևս 1920-21 թվականին գրավված ՀՀ տարածքը։

Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի այսօրինակ հայտարարություններին, մենք տեսնում ենք, որ արձագանք չի լինում։

Ցավոք սրտի, սրան էլ արձագանք չեղավ։ Պետք է արձագանքեն ու նշեն, որ որևէ հիմք չկա նման պնդման համար։ Բայց լայն առումով, ես բազմիցս ասել եմ, որ պետք է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում երկու հարց բարձրացնել։ Մեկն այն է, թե արդյոք Ադրբեջանն ունի միջազգային իրավունքի վրա խարսխված բավարար իրավական հիմքեր՝ ԼՂ-ն համարելու իր տարած։ Արդյոք տիտղոսն իրենցն է։ Այսինքն՝ առաջին քայլով պետք էր խարխլել այդ մոտեցումը, իսկ երկրորդով պետք է դրվեր հարցը, թե արդյոք Ազգերի լիգայի համապատասխան հանձնաժողովի որոշում-զեկույցը բավարար հիմք է Հայաստանի տիտղոսի համար։ Եթե այս երկու հարցից մեկն էլ մեզ համար դրական լուծվեր, ինչը հավանական է, մենք Լավրովի աչքը կմտցնեինք։ Այդ դեպքում Լավրովը չէր կարող ասել «օկուպացիա», որովհետև կլիներ միջազգային դատարանի վճիռը կամ խորհրդատվական կարծիքը, որ Արցախը Ադրբեջան չէ։