Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Համընդհանուր հայտարարագրման օրինագիծն ՔՊ-ական պատգամավորները քննարկեցին առանց ընդդիմախոսության

«Նախագծի նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտությամբ ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը:

Նրա տեղեկացմամբ՝ օրինագծով նախատեսվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր:

Արման Պողոսյանը հայտարարեց, որ այն հնարավորոիթյուն կտա հարկման բազայից կատարել նվազեցումներ և նախատեսված դեպքում հայտարարագրի ներկայացումից հետո նաև եկամտային հարկի գումարը հետ ստանալ:

Փոխնախարարը հայտնեց, որ առաջին փուլում՝ 2024 թվականի ապրիլին հայտարարագիր կներկայացնեն այսօր արդեն հայտարարագիր ներկայացնող համայնքային կամ հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը և այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ:

Նրա խոսքով՝ հայտարարգիր պետք է ներկայացնեն նաև այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոտեկային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:

Արման Պողոսյանը հայտնեց, որ երկրորդ փուլում հայտարարագիր կներկայացնեն այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ, իսկ երրորդ փուլում՝ հայտարարագիր պետք է  ներկայացնեն ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց:

Տեղեկացնելով, որ հայտարագրերի նախագծերի նախնական տարբերակները քաղաքացիների համար կազմելու է ՊԵԿ-ը՝ փոխնախարարը հայտնեց, որ այն լինելու է  այդ պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա:

«Խոսքը հարկային գործակալների կողմից հարկված եկամուտների, դրանցից պահված եկամուտների մասին տեղեկություններն են, որոնք տնօրինում է հարկային մարմինը»,-հայտնեց փոխնախարարը և շարունակեց. «Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո միայն նա կհաստատի իր համար ներկայացվող հայտարարագիրը»: