Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանձնվեց Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր տեղի ունեցավ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, լիբանանահայ երգիչ-խմբավար  Գէորգ Հաճեանի հիշատակին։

«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ»-ը ԵՊԿ և Հաճեան ընտանիքի համագործակցությամբ յուրաքանչյուր կիսամյակ Գէորգ Հաճեանի անվան կրթամրցանակով է խրախուսում կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողներին։

«Բարի, ազնիվ անձնավորություն, հրաշալի երգիչ. ահա այսպիսին էր Գևորգ Հաճյանը,  որի նվիրվածությունը հայրենիքին, հողին, ջրին, ամեն մի թուփին իր արվեստի մեջ շատ բացահայտ երևում է»,- միջոցառման ժամանակ ասաց ԵՊԿ վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանը։

Նրա խոսքով՝ երգիչը համերգներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում և ներկայացրել է   հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները։ Գայանե Գեղամյանը նշեց նաև, որ թեև Գէորգ Հաճեանն ունեցավ կարճ ստեղծագործական կյանք, սակայն այն եղել է բարձրունքներով լի։ «Փառք ու պատիվ նրան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Գևորգի ընտանիքին՝ կնոջն ու տղային, որ այս միջոցառումը կազմակերպել են մեր երիտասարդ ուսանողների համար, որոնք սովորում են վճարովի համակարգում։ Այս փոքրիկ օգնությունը շատ պատվաբեր է ձեզ համար, քանի այն հիշատակում է այսպիսի մի հզոր անհատականության մասին»,- ասաց պրոֆեսորը։

Գայանե Գեղամյանը նաև շնորհակալություն հայտնեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանին, որի նախաձեռնությամբ զոհված տղաներին նվիրված կրթամրցանակաբաշխություն է անցկացվում։

Նշենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը 2021 թվականից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Կրթամրցանակների նպատակն է Արցախյան գոյամարտերում զոհված հերոսների հիշատակը հավերժացնել՝ նրանց անունները շաղկապելով կրթության և մշակույթի զարգացման գաղափարին։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ մեծագույն բավականություն են ստացել Կոնսերվատորիայի տաղանդավոր երիտասարդների կատարումներից։

«1,5 տարի առաջ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ սահմանվեց զոհված հերոսների անուններով կրթամրցանակաբաշխություն և այն ռեալ արդյունքներ է տալիս։ Կրթամրցանակի գաղափարը ծնվել է կորստի ցավից, բայց մեզ հարկավոր էր կենտրոնանալ և վշտից դուրս գալ այնպես, ինչպես Գևորգը, մնացած հերոսները կանեին, որոնց անուններով կրթամրցանականեր ենք սահմանել Հայաստանի 4 բուհերում, », - ընդգծեց Արմինե Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նայելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 5 հազար և ավելի հերոսների կենսագրությունը, տեսնում են, որ անհավանական տաղանդավոր և հզոր սերունդ ենք կորցրել։
Արմինե Պետրոսյանը կոնսերվատորիայի ուսանողներին խորհուրդ տվեց լսել Գևորգի կատարումները. «Գևորգը բյուրեղյա անձնավորություն էր, մեծ մաքուր երեխա, որը թողել էր իր բարեկեցիկ կյանքը, հրաժարվել արտերկրում աշխատելու բոլոր առաջարկներից և եկել էր Հայաստան՝ շենացնելու հայրենիքը։ Այո, նա այն շենացրեց իր արվեստով և արյունով»։ 

Գևորգ Հաճյանի կինը՝ Ֆրիդա Հաճեանն էլ անդրադարձավ իրենց համատեղ կյանքում անցած ճանապարհին, ուսանողական տարիներին և վերջում հայրենիքում բնակություն հաստատելուն։ «Մենք հասանք մեր երազանքին, բայց չգիտեինք, որ հետագան շատ ծանր է լինելու մեզ համար»,- ասաց նա։

Լիբանանահայ օպերային երգիչ, խմբավար, «Դրո Կանայան» կոմիտեության անդամ, ազատամարտիկ Գևորգ Հաճյանը ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում։ 2020 թվականի աշնանը մասնակցել է Արցախում տեղի ունեցող Հայ-ադրբեջանական պատերազմին։ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվել է՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ։