Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանգամանքներ, որոնք բացառում են քրեական պատասխանատվությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոր քրեական օրենսգրքի 6-րդ գլուխը նվիրված է քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներին: Այս գլխում ամփոփված են նախկին օրենսգրքի «արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները»՝ որոշակի փոփոխություններով, ինչպես նաև առանձին պատասխանատվությունը բացառող հանգամանքներ (անմեղսունակություն, առանց մեղքի վնաս պատճառել և այլն):

Փոփոխություններ են կրել ինչպես նախկին օրենսգրքում առկա հանցավորությունը բացառող հանգամանքները (անհրաժեշտ պաշտպանություն և այլն), այնպես էլ՝ ավելացել են նոր հանգամանքներ: Ծանոթանանք դրանց կարգավորումներին:

Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանում է. «Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ի կատարումն անձի մասնագիտական գործառույթների, եթե պահպանվել են այդ մասնագիտական գործառույթների իրականացման համար իրավական ակտերով սահմանված պահանջները»:

Հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ պահպանվել են այդ մասնագիտական գործառույթների իրականացման համար իրավական ակտերով սահմանված պահանջները։ Եթե այդ պահանջները չեն պահպանվել, անձը ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով։ Փորձագետի կարծիքով իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց կարող է լինել «իրավական ակտերով սահմանված պահանջներ» եզրույթը որոշակի բնագավառի մասնագետների համար: Օրինակ՝ բժշկական ոլորտի մասնագիտական գործունեությունը իրավական ակտերի մակարդակով դժվար թե հնարավոր լինի մանրամասն կարգավորել: Գործնականում «օգնության է հասնում» փորձագետի եզրակացությունը, որն էլ իր հերթին հիմնված է  գրականության, այլ ոչ թե իրավական ակտի կարգավորումների վրա: Հետևաբար, ակնկալվում է, որ դատական մեկնաբանման տիրույթում կհստակեցվի թե արդո՞ք դիպուկ իրավական կարգավորման բացակայության պայմաններում, օրինակ, գիտական հոդվածները, աշխատությունները, վերլուծությունները որքանո՞վ կարող են փոխարինել «իրավական ակտի պահանջներին» կամ կարո՞ղ են փոխարինել:

Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը սահմանում է.

«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ արհեստավարժ մարզամրցմանը կամ մարզումներին մասնակից անձը, որն արհեստավարժ մարզամրցման կամ մարզումների ընթացքում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել, եթե նա պահպանել է տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները:

1.Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։

2.Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով քրեական օրենքով պաշտպանվող շահերին դիտավորությամբ վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:»:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դիտավորությամբ կանոնները խախտվում են մարզիկի կողմից, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության բացառապես անզգուշությամբ մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու պարագայում, իսկ առողջությանը անզգուշությամբ պատճառված թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում վերջինս ազատվում է քրեական պատասխանատվությունից։

3-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ  երբ կանոնները խախտվում են դիտավորությամբ և վտանգավոր հետևանքների նկատմամբ մարզիկը դրսևորում է դիտավորություն, ապա բոլոր դեպքերում անձը ենթակա է քրեական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով:

Փորձագետի գնահատմամբ, տարբեր մարզամրցումներ իրենց մեջ պարունակում են վնասվածք ստանալու ռիսկը և հաճախ մարզիկները «սպորտային շահերից» ելնելով՝ դիտավորյալ խախտում են տվյալ մարզաձևի համար սահմանված կանոնները: Քիչ չեն դեպքերը, երբ վնասվածք ստացած մարզիկները ամիսներով «շարքից դուրս են գալիս»: Ստացվում է՝ բոլոր դեպքերում սպորտային միջադեպերի նկատմամբ քրեական հետաքրքրությունը ակամա մեծանում է, քանի որ  յուրաքանչյուր դեպքում, որպեսզի պարզվի կանոնները դիտավորյալ խախտած անձը (հաճախ դա ակնհայտ է և կասկած չի հարուցում, պայմանավորված՝ սպորտային հետաքրքրությամբ) հետևանքների նկատմամբ դրսևորել է անզգուշություն, թե դիտավորություն, պետք է կատարվի քննություն: 

Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածը սահմանում է. «Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որը կատարել է օրենքով կամ իրավական այլ ակտերով թույլատրվող արարք կամ իր վրա դրված պարտականություն, եթե պահպանվել են դրա իրականացման` օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված պայմանները:»:

Փորձագետը կարծում է, որ այս հոդվածի արդյունավետությունը նույնպես ցույց կտա իրավակիրառ պրակտիկան, քանի որ այսպես թե այնպես, օրինական վարքագծի դրսևորման պարագայում որևէ պատասխանատվություն չի կարող առաջանալ: Մյուս կողմից հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է օրինական վարքագիծը քրեական օրենքով պահպանվող շահերին վնաս պատճառել: Արդյո՞ք այն չարաշահումների տեղիք չի տա, եթե անձիք իրենց պարտականությունը կատարելիս արարքը միայն ձևական առումով համապատասխանեցնեն օրենքի պահանջին:

Քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածը սահմանում է.

«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որն օրենքով սահմանված կարգով համագործակցել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ` հանցագործությունը բացահայտելուն, կանխելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, եթե այդ նպատակին հասնելու համար վնաս պատճառելու հետ չկապված միջոցները բացակայել են:

1.Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը ենթակա է քրեական պատասխանատվության մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր ավարտված հանցանք կատարելու դեպքում:

2.Եթե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը մասնակցել է հանցավոր կազմակերպությանը կամ հանցանքը կատարել է հանցավոր կազմակերպության կազմում, որը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, և այդ ծանրացնող հանգամանքի շնորհիվ է հանցանքը համարվում առանձնապես ծանր կամ ծանր, կամ եթե նրա կողմից կատարված հանցանքն առանձնապես ծանր կամ ծանր է համարվում «առանձնապես խոշոր» չափով կատարած լինելու հատկանիշով, ապա դա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձին չի մեղսագրվում:

Ակնհայտ է, որ քրեական օրենսգրքով սահմանվել է այն նյութաիրավական հիմքը, որի ուժով համագործակցող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Նշված հոդվածով նաև հստակեցվել է պատասխանատվությունից ազատելու սահմանները՝ բացառելու համար հնարավոր չարաշահումները:

Աննա ԳԱԼՍՏՅԱՆ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

Ոլորտային վերլուծությունը «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (Juremonia) ծրագրի շրջանակում: