Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԱՊԿ-ը ոչ միայն պարզապես բուտաֆորիկ կառույց է, այլև խոչընդոտ է Հայաստանի համար՝ գտնելու այլընտրանքային անվտանգային ռեսուրսներ

Կործանվող ու դեպի անդունդը գնացող կայսրության պոչից բռնելն ամենավտանգավոր բանն է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ «Դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիայի ժամանակ ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

«Այսօր հետխորհրդային ամբողջ տարածքում հարց է հնչում՝ ի՞նչ է անում Հայաստանը ՀԱՊԿ-ում։ Ընդ որում, այդ հարցը հնչեցնում են ղազախները, որոնք ամեն անգամ աջակցում են Ադրբեջանին, այդ հարցը տալիս են ղրղզները, Բելառուսը։ Այդ հարցը տալիս է Ռուսաստանը, որը ոչ միայն աջակցեց, եթե չասենք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի թիկունքում կանգնած էր, այլ նաև Հայաստանի վրա այս վերջին հարձակումներին աջակցեց։ Եվ Ռուսաստանը միակն էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ ուղիղ խոսեց Հայաստանի շահերի դեմ։ Եվ ամբողջ մոլորակի վրա մեկ իշխանություն կա, որ այդ հարցը չի տալիս՝ ի՞նչ է անում Հայաստանը ՀԱՊԿ-ու, դա Հայաստանի իշխանությունն է։ Աղքատ բարեկամի պես, կառչած մնալով ՀԱՊԿ-ից, ասում են՝ ինչ էլ անեք մեր դեմ, միևնույն է հավատարիմ մնալու ենք ՀԱՊԿ-ում։ Հայաստանի իշխանությունը կուլիսներում ու հարցազրույցներում ակնարկում է՝ եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից, դա կընկալվի որպես հակառուսականություն։ Ինձ թվում է՝ պետք է չգիտեմ ինչ երևակայություն ունենալ, որպեսզի մտածել, որ երբ Ռուսաստանն ամեն ինչ ուղիղ տեքստով անում է Հայաստանի դեմ, դա հակահայկականություն չէ, իսկ եթե մենք ուզենանք ընդամենը բուտաֆորիկ մի կառույցից դուրս գալ, որից ժամանակին նաև այլ երկրներ են դուրս եկել, դա պետք է դիտվի հակառուսականություն»,- ասաց Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա և հասարակությանն այս կամ այն խողովակով հիշեցնի, որ մենք գազի խնդիր ունենք, Ռուսաստանից էժան գազ ենք ստանում, այլ պետք է մտածի, թե ինչ անել, որպեսզի անվտանգային այլընտրանքներ գտնենք, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության։ «Իրանը կողքներս՝ աշխարհում գազի երկրորդ պաշարներով, և մենք անհանգստանում ենք, որ Ռուսաստանը մեզ կարող է գազն ավելի թանկ վաճառել։ Այո, միջուկային վառելիքը Ռուսաստանից ենք գնում, աշխարհում էլ երկիր չկա՞, որ միջուկային վառելիք վաճառի։ Իշխանությունը հենց դրա համար է, որ մտածի և այդ ուղղությամբ աշխատի, ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկն իր փոխարեն այդ խնդիրները լուծելու է»,- հավելեց նա։

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ եթե քայլ անենք, միջազգային հանրությունը, Արևմուտքը, Եվրամիությունըւ կաջակցի Հայաստանին, այդ թվում՝ ապրանքների արտահանման հարցում։ «Եթե այս հարցերի պատասխանն իշխանությունն ինքը չի գտնում, բա ո՞վ պետք է գտնի։ Իհարկե, ռիսկեր կան, բայց իշխանությունը հենց ռիսկերը կառավարելու համար է։ Քայլը պետք է անել, որովհետև ՀԱՊԿ-ը ոչ միայն պարզապես բուտաֆորիկ կառույց է, այլ խոչընդոտ է Հայաստանի համար՝ գտնելու այլընտրանքային անվտանգային ռեսուրսներ։ Մենք անընդհատ պետք է հիշեցնենք իշխանություններին իրենց պարտականությունների մասին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ուղղությամբ այլընտրանքային անվտանգային բարձիկներ գտնելու պարտականությունը։ Այո, շատ լավ է, որ ակտիվացրել են իրենց հանդիպումներն արևմտյան երկրների հետ, բայց դա բավարար չէ, Արևմուտքի հետ դաշնակցել է պետք, մենք չունենք այսօր դաշնակից։ Ձեռք բերեք դաշնակից՝ առանց վախենալու, որ չդաշնակիցը կնեղանա»,- նշեց նա։