Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հասրարակությունը ականատես է դառնում Արցախը Հայաստանին կապող պորտալարի կտրելու գործընթացին. Խոսրով Հարությունյան

«Համոզված եմ, որ Արցախում և Բերձորի միջանցքում իրավիճակն ավելի է վատթարանալու»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և կարծիք հայտնեց, որ առաջիկայում խնդիրը միայն Բերձորը կամ Աղավնոն չեն լինելու:

Նրա խոսքով՝ հասրարակությունը ականատես է դառնում Արցախը Հայաստանին կապող պորտալարի կտրելու գործընթացին, որն անդառնալի բացասական հետևանքներ է ունենալու Արցախի և Հայաստանի հայության համար:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվեր Լաչինի միջանցքով՝ պահպանելով միջանցքի վրա տարածվող իրավական ռեժիմը:

«Կարծեք թե ամեն ինչ շատ պարզ է գրված, բայց կա մի կարևո հանգամանք, որի մեկնաբանությունը թույլ է տալիս նաև գնահատել օրվա իշխանությունների թե պրոֆեսիոնալիզմը, թե ստեղծված իրավիճակում պետության հանդեպ նրանց պատասխանատվության աստիճանը»,-նկատեց ՀՀ նախկին վարչապետը:

Նա պնդեց, որ նոր ճանապարհը պետք է լիարժեքորեն փոխարիներ Բերձորի միջանցքին, իսկ այն միայն տրանսպորտային կապը չէ, այլ տարիների ընթացքում վեր է ածվել Հայաստանը Արցախին կապող կրիտիկական ենթակառուցվածքների մի ամբողջ շրջանի:

«Հիմա այդն դիտարկել միայն նոր ճանապարհով, նշանակում է կտրել Արցախը Հայաստանին կապող այդ կարևորագույն  ենթակառուցվածքները: Ենթադրեք, թե Նիկոլ Փաշինյանը ստիպված նոյեմբերի 9-ին այդ փաստաթուղթը ստորագրեց, ենթադրենք, որ համաձայնել է 3 տարիների ընթացքում Լաչինի միջանցքին այլընտրանքային ինչ-որ մի նոր միջանցք կառուցելու հետ, բայց պարզ էր, որ այն պետք է լիներ լուրջ նախագիծ»,-ասաց բանախոսը և արձանագրելով որ ճանապարհի կառուցումը պետք է լիներ կողմերի համաձայնությամբ հավելեց. «Սա նշանակում է, որ երկու պետությունները պետք է ստեղծեին մասնագիտական աշխատանքային խումբ, որոնք կնախապատրաստեին այդ նախագծի տեխնիկական պահանջները, որոնց հիման վրա կմշակվեր նախագիծը, այն կհամաձայնեցվեր կողմերի հետ և նոր կսկսվեր շինարարական աշխատանքները, վերջինիս ժամանակ էլ միասնական աշխատանքային խումբը պետք է վերահսկեր այդ աշխատանքների որակը»:
Հայտարարելով, որ իր թվարկածը պարզ ընթացակարգեր են ՝ Խոսրով Հարությունյանը հարցերց, թե արդյո՞ք դրանք պահպանվել են և ենթադրեց, որ՝ ոչ:

«Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ հայկական կողմի հետ չի համաձայնեցվել ճանապարհի կառուցումը, այդ դեպքում ո՞ւմ հետ է համաձայնեցվել այն: Եթե այդ ճանապարհի տեղադիրքն մի քիչ այլ լիներ ապա Աղավնո գյուղը կհայտնվեր այդ միջանցքում:Այսօր այդ միջանցքից դուրս է 700-1000 մետրի սահմաններում:
Հարց է թե ինչու այսօրվա իշխանություններն այդ խնդիրը չեն սրում թե՛ Ադրբեջանի, թե՛ ռուսական խաղաղապահ զորամիավորումների և ՌԴ-ի առաջ, թեպետ սրել ասելն էլ տեղին չէ, քանի որ այն իրենց գործն է և պետք է անեին:
Պարոն Փաշինյան, ցանկացած շինարարական ենթակառուցվածքի ձևավորման համար նախատեսված, իմ նկարագրած ընթացակարգը պահպանվե՞լ է, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Մենք կարող ենք հստակ ասել, որ, ըստ էության, օրվա իշխանությունները, կառավարությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ այդ նախագծին նայել են մատների արանքով, ասելով՝ է լավ էլի, ճանապարհ է՝ կկառուցեն, միևնույնն  է, որ մենք արդեն ինքներս մեզ համար որոշել ենք, որ Արցախը նույնիսկ տեսականորեն չի կարող լինել Ադրբեջանի կարզմից դուրս և եթե այդպես է ինչպես ուզում են, թող իրենք յոլլա գնան: Միգուցե այս տրամաբանությունն է գործում, սա հանցավոր անտարբերություն է»: