Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա». Ժաննա Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների  հարցերին:

Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ:  Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգն է, որի հիմքում  առարկայական գիտելիքի իմացությունն է, մյուսը՝ տարակարգի մեխանիզմն է, որն հիմնված է  ուսուցչի մանկավարժական հմտությունների վրա: «Այս  երկու ծրագրերն էլ ենթադրում են հավելավճարի տրամադրում և նպատակ ունեն խթանել ուսուցչի մասնագիտական աճը:

Մենք ունենք առանձնահատուկ դեպքեր, երբ համընդհանուր բարելավումների ազդեցությունը նկատելի չէ: Խոսքը գյուղական փոքր՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մասին է, որտեղ դասավանդվող ժամաքանակները քիչ են: Նման դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների մոտ 30 տոկոսը: Այս  դպրոցներում բոլոր ուսուցիչներն այս տարվանից սկսած   հավելավճար են ստանալու: Նույն մոտեցումը կիրառվում է նաև բնագիտական առարկաների ուսուցիչների համար, քանի որ հատկապես այս ուղղությամբ մենք ունենք ուսուցիչների պակաս:

Երկրորդ՝  պետք է աշխատանք տարվի մանկավարժ դառնալու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվեն դպրոցների մասնագիտական կողմնորոշման ակումբները, որոնք, ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի, պարտադիր են և գործելու են բոլոր դպրոցներում: Բնականաբար, մենք  հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա և այդ նպատակով նախատեսում ենք բուհական կրթաթոշակների տրամադրում, որով բարձրագույն կրթության ամբողջական ծախսի հատուցում կապահովվի: Ներդրել ենք նաև կրկնակի մասնագիտացումների շնորհման   համակարգ, որով նույն մասնագետին երկու առարկայի դասավանդման որակավորում է շնորհվելու՝ օրինակ` կենսաբանության և քիմիայի կամ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Արդեն այս տարվանից այս համակարգով ընդունելություն է արվելու:

Հաջորդ քայլը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխությունն է: Ներկայում մեկ դրույք ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 դասաժամ է կազմում, ինչը մեծ բեռնվածություն է: Ստացվում է, որ ուսուցիչն անընդհատ պետք է դասարան մտնի, իսկ օրինակ` գնահատման, հավելյալ այլ աշխատանքի համար ժամանակ չի ունենում: Նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազեցվում է՝ դրույքաչափը կրտսեր դպրոցում սահմանվում է  շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում` 20  դասաժամ:

Հաջորդ ուղղությունը մասնագիտական զարգացման քաղաքականության փոփոխությունն է: Մինչ այժմ գործող պարտադիր ատեստավորման համակարգն ընդհանուր էր բոլորի համար: Բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն վերապատրաստումները՝ անկախ իրենց կարիքից, փորձառությունից, ունեցած հմտությունից: Մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ նույն ուսուցիչը, որը եղել է տվյալ ծրագրով վերապատրաստող,  հետագայում ինքն է անցել նույն վերապատրաստման դասընթացը, քանի որ դա օրենքի պահանջ էր: Այս համակարգը ևս ամբողջությամբ վերանայվել է: Ուսուցչի ատեստավորումն ու վերապատրաստումը, որի համար պետությունն ամեն տարի գումարներ է հատկացնում, պետք է հիմնված լինի ուսուցչի մասնագիտական կարիքի վրա»,- նշել է  նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարիքի բացահայտումն արվելու է գնահատման միջոցով:

Նա  նաև նշել է, որ մասնագիտական զարգացման առաջնային ուղղություն է դիտվում ներառական կրթության հմտությունների ապահովումը: Այդ նպատակով փոփոխվել են  ֆինանսավորման սկզբունքները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի արդյունավետության բարձրացումն օրակարգային հարցերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի ակադեմիական ազատությունների, բուհական կրթական ծրագրերի և դասագրքերի, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունների վերաբերյալ հարցերին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ