Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայաստանը գտնվում է նոր պատերազմի նախաշեմին»․ Ռուբեն Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հայաստանը գտնվում է նոր պատերազմի նախաշեմին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ահազանգեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ այդ պատերազմում մենք չենք ունենալու դաշնակիցներ։ Ռուբեն Հակոբյանն ասաց՝ միշտ խուսափել է դա ասել, քանի որ տագնապ ու խուճապ է առաջացնում, բայց միևնույն ժամանակ շեշտեց․ «Տեսանելի է, որ ամեն օր քայլ առ քայլ պատերազմը մոտենում է։ Հիմա էլ պատերազմական իրավիճակում ենք, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանաթուրքական զորավարժությունները, որ այսօր տեղի են ունենում Արաքսի հովտում, ապա հասկանալի է, որ մեր թշնամին չի թաքցնում՝ ինչ է ուզում անել։ Այդ մենք ենք, որ այսօր զբաղվում ենք Երևանի քաղաքապետի ընտրությամբ, տոնածառ և այլն։ Բայց մեր թշնամին կոնկրետ գործողություններ է անում»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Լավրովն ասում է՝ այն, ինչ երեսուն տարիներին դժվար էր ենթադրել, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ մենք այլևս չենք վստահում ՀՀ իշխանությանը։ Ուղղակիորեն առանց դիվանագիտական նրբությունների Սերգեյ Լավրովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը օրվա տարբեր ժամերին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին սիրո խոստովանություն է անում, և այդ տեսակը ուրիշ օպերայի մասին է խոսքը։ Հասկանալի լեզվով ասած՝ Լավրովը հայտարարեց՝ ի՞նչ եք ուզում մեզնից, դուք ձեր հակառակորդին բերել, մտցրել եք ձեր պետության ննջարան, մեզ, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ասում եք՝ եկեք, տեսեք, թե մեր ննջասենյակում ինչ վատ բաներով են զբաղվում։ Նրանք էլ ասում են՝ ինչո՞ւ եք մտցրել ձեր ննջարան, ի՞նչ եք մուննաթ գալիս»։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ կապիտուլյացիան շարունակվում է։ Նա նշեց․ «Կա նաև շարունակական կապիտուլյացիա։ Այսօր շարունակվում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիան։ Եթե հիշենք այդ փաստաթուղթը, կտեսնեք, որ սարուձորի տարբերություն կա այդ փաստաթղթի ու այսօրվա միջև։ Կապիտուլյացիան շարունակվում է, քանի որ կապիտուլյացիան ստորագրելուց այդպես էլ չգիտակցվեց, որ կործանում են պետություն, և շարունակվում է այդ գործընթացը»։

«Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված հայտարարության նախագծի մասին ասաց․ «Խորհրդարանն ավելի շատ քաղաքական մանրևի հնարավորություն ունի, քան կառավարությունը։ Ինձ թվում էր, թե իշխանությունն առանց այլևայլությունների կքվեարկեր այս հայտարարության օգտին, քանի որ դրանով ինքն էլ է շահում։ Կարող էր ուղղակի բանակցային կողմերին բացատրել, որ ես այսպիսի թիմ ունեմ խորհրդարանում, ես պետք է կարողանամ նրանց էլ պահել իմ տեսադաշտում, որ իմ քաղաքականությունը նաև այս շեշտադրումներն ունի։ Ընդդիմության արմատական դիրքորոշումները ցանկացած իշխանություն կարողանում է իր օգտին օգտագործել»։

Հարցին՝ արդյոք այն, ինչ անում է այսօր ընդդիմությունը, համարժե՞ք է այն իրավիճակին, որում մենք ապրում ենք, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց․ «Ոչ և բացարձակ ոչ։ Պատահական չէ, որ նշել եմ՝ յո՞ երթաս, ընդդիմություն։ Ո՞ւր ես գնում, ընդդիմություն, ճիշտ ճանապարհ չէ։ Ես էլ եմ ընդդիմության ներկայացուցիչ, ես էլ եմ թերացել։ Պետք է համարձակություն ունենանք, ասենք, որ մենք ենք Նիկոլին աճեցրել և հուշիկ քայլերով նոր Նիկոլ ենք բերում։ Այսօր այս ծանրագույն պահին, երբ ամեն մեկը կուսակցական կամ անձնական հարց է բարձրացնում, ուղղակիորեն հարվածում է մեր պետականությանը»։

Անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարան վերադարձին, Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Դուք խոստացել էիք, որ չեք վերադառնա խորհրդարան, քանի դեռ Փաշինյանին չեք հեռացրել։ Ապրիլին այդ հարցը դրեցիք։ Ժողովրդական շարժում ձևավորվեց, բայց շարժումը, որ 40-50 հազար հոգով հանրահավաք էր անում, ցավոք, արագ կուսակցականացվեց։ Արդյունքում հարթակը պարտվեց։ Ժողովրդի հետ պետք է ազնիվ լինել։ Այդպես էլ չհասկացանք, որ ժողովրդական շարժումն այլ չափորոշիչներ է պահանջում։ Հարգելի ընդդիմություն, ես էլ ձեզ հետ պետք է ընդունենք, որ պարտվել ենք։ Ընդդիմություն, խնդրում եմ՝ չգնաք խորհրդարանի նիստերին։ Նիստերին գնում եք, ձեր անձնական հարցն եք լուծում, եթե չգնաք, չեմ կարծում, որ ձեզ կհեռացնեն։ 1996-ին, երբ պայմանավորվեցինք, որ չենք գնում խորհրդարան, նրանք մեզ բոլոր գործուղումներում մտցնում էին, գայթակղում, մենք ասում էին՝ մենք չենք ուզում ձեզ հետ շփվել, կեղծել եք ընտրությունները։ Մի արեք դա, եթե հեռացնեն ձեզ, ընդհանուր որոշում ընդունեք, որ ոչ մեկը մանդատ չի վերցնում․ խորհրդարանական ճգնաժամ կլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ