Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է երկու նոր մագիստրոսական ծրագիր

Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանն (ՀԱՀ) ուրախ է հայտնել, որ համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետում բացվել են երկու նոր ուսումնական ծրագրեր՝ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրատուրա (ՄՀԴՄ) և Հանրային կապերի մագիստրատուրա (ՀԿՄ)։ Ծրագրերը կմեկնարկեն 2023 թվականի աշնանը՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորումն ստանալուն պես։ ՄՀԴՄ-ն երկամյա մագիստրոսական ծրագիր է՝ նախատեսված հանրային ծառայության, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և համաշխարհային հանրային կապերի ոլորտներով հետաքրքրված անձանց համար: Օգտագործելով միջգիտակարգային մոտեցում՝ քննադատաբար գնահատելու և ուսումնասիրելու միջազգային հարաբերությունների, կառավարման և դիվանագիտության մեջ փոփոխվող չափանիշները, ՄՀԴՄ ուսումնական ծրագիրն իր նորարական մեթոդաբանությամբ և հայեցակարգային շրջանակներով պատրաստելու է մասնագետներ, որոնք կկարողանան արձագանքել տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ամենահրատապ մարտահրավերներին:  Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՄՀԴՄ ծրագիրը ստեղծվել է լրացնելու Հայաստանում երիտասարդ մասնագետների բացը՝ մեր երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերներն ուսումնասիրելու, հասկանալու և դիվանագիտության միջոցով ազդեցիկ համագործակցություններ զարգացնելու համար։ Տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ներառյալ 2020 թվականի Արցախյան պատերազմը և հետպատերազմյան մարտահրավերները, պարզ դարձրին, որ տարածաշրջանային հարցերում և միջազգային հարաբերություններում փորձառուությունը, դիվանագիտական առաջնորդությունը և բարդ իրավիճակների ողջամիտ ընկալումը մեծապես անհրաժեշտ են ազգային և միջազգային խնդիրների լուծման համար։ «Մտածելը նույնքան կարևոր է, որքան մեծ պատկերը տեսնելը: Կովկասի, Մերձավոր Արևելքի և ռուսական քաղաքականության վերաբերյալ ավելի համապարփակ գիտելիքները թույլ կտան ուսանողներին նայել ընդունված տարածաշրջանային նարատիվներից այն կողմ և զարգացնել առկա խնդիրները դիտարկելու նոր ուղիներ», – նշում է ՀԱՀ պրոֆեսոր, դոկտոր Ասպետ Գոչիկյանը։

Ակնկալվում է, որ ՄՀԴՄ ծրագրի շրջանավարտները պաշտոններ կզբաղեցնեն պետական և մասնավոր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Ծրագիրը նաև ներառում է հետազոտական բաղադրիչ, որն ուղղված է զարգացնելու ուսանողների՝ խնդիրների լուծման և հաղորդակցման տեսական և գործնական հմտությունները: ՀԿՄ-ն երկամյա մագիստրոսական ծրագիր է, որը կպատրաստի վերլուծական, քաղաքագիտական, վարչական և առաջնորդային հմտություններով օժտված մասնագետներ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան հայ հասարակական կյանքում և այլուր: Ծրագրի ուսանողները կսովորեն ձևակերպել քաղաքական հարցեր և պատասխանել դրանց, մշակել հանրային խնդիրների օպտիմալ քաղաքական լուծումներ և կառավարել այդ լուծումները հմուտ առաջնորդությամբ ՝ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների մոդելով: Ծրագրի ուշադրության կենտրոնում են գտնվում զարգացման քաղաքականությունը, ռազմավարությունը և առաջնորդությունը՝ էական բաղադրիչներ Հայաստանի բարգավաճման և կայունության կառուցման գործում: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ:

ՀԿՄ ծրագիրը ստեղծված է հանրային խնդիրներին լուծումներ գտնելու համար, որոնք առաջնային են պետության կառուցման և պահպանման գործում: Կենսունակ հանրային ոլորտի կառուցումը Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման, թերևս, ամենակարևոր խնդիրն է: ՀԱՀ ասիստենտ պրոֆեսոր, դոկտոր Ուրոշ Պրոկիչը մանրամասնում է. «Մեր՝ օրեցօր ավելի բազմազան և բարդ աշխարհում բարեխիղճ և էթիկական հանրային ծառայողների կարիքն անհրաժեշտություն է: ՀԿՄ-ի շրջանավարտները ոչ միայն կդառնան արդյունավետ հասարակական գործիչներ, այլև աշխարհի արժանապատիվ քաղաքացիներ, որոնք ի վիճակի կլինեն տարբերակել իրական հանրային կարիքները հանրային ցանկություններից»:

ՀԿՄ-ի ուսանողները կսովորեն, թե ինչպես կարելի է պայքարել անհամար էթիկական դիլեմաների դեմ, որոնց ամեն օր գործնականում առնչվում են ոլորտի մասնագետները։ Ծրագրի շրջանավարտները նաև կտիրապետեն մասնագիտական հաղորդակցության հմտություններին, պատրաստ կլինեն աշխատելու տարատեսակ լսարանների հետ, և որ ամենակարևորն է՝ կկարողանան կրել և կիրառել արդարության, բազմազանության և ներառականության արժեքները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանում ժամանակակից պետական ոլորտի գործակալությունների ստեղծման գործում: Ընդունելության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ՀԱՀ-ի մագիստրոսական ծրագրերի ընդունելության կայքէջում՝ «Դիմումների պահանջներ, վերջնաժամկետներ և ուսման վարձ» բաժնում: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին։