Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի ֆիլհարմոնիկի համերգները նշանակալից իրադարձություն են Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսական լրատվամիջոցները բարձր են գնահատել «Համաշխարհային գլուխգործոցներ» խորագրի ներքո մեր ֆիլհարմոնիկի համերգները

Չնայած աշխարհի տարբեր անկյուններում պատերազմներին, տեղահանություններին, էներգետիկ ճգնաժամին, երբ բոլոր ոլորտները լուրջ խնդիրների առաջ են կանգնած, մշակույթի ոլորտը կարծես ապրում է լիարժեք կյանքով, շարունակվում են հյուրախաղերը, մրցույթները, փառատոները, ֆիլմերի, ներկայացումների պրեմիերաները, գրքերի շնորհանդեսները… Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում։ Երկու համերգից հետո, որոնք տեղի են ունեցել Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ եւ Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահներում, պետերբուրգյան մամուլում շեշտադրվում էր գնահատականը, թե Հայաստանի ֆիլհարմոնիկի համերգները նշանակալից իրադարձություն են Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում եւ որ Հայաստանի գլխավոր նվագախումբը երեք տարի անց կնշի հիմնադրման 100-ամյակը։ Նաեւ այն, որ ֆիլհարմոնիկը հանդիսանում է ազգային նվագախմբային երաժշտության կենտրոն եւ պատվով է ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում տարեսկզբից դասական երաժշտության երեկոներն անցնում են «Համաշխարհային գլուխգործոցներ» խորագրի ներքո։ Ռուսաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ մեր ֆիլհարմոնիկը հնչեցրել է Խաչատրյանի, Սպենդիարյանի, Լիստի, Չայկովսկու եւ Սիբելիուսի ստեղծագործություններից, որպես մենակատարներ էլ հանդես են եկել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, քույր եւ եղբայր՝ թավջութակահարուհի Դալի Գուցերիեւան եւ դաշնակահար Ադամ Գուցերիեւը, որոնք վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեեւ) եւ դիրիժոր Թոմաս Զանդերլինգի ղեկավարությամբ առաջին անգամ ներկայացան հայ հանդիսատեսին։
«Առավոտի» հետ զրույցում մաեստրո Թոփչյանը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա ամռանը ֆիլհարմոնիկը ելույթ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, իսկ 2006-ին՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում։ Ինչ վերաբերում է օրերս կայացած պետերբուրգյան համերգներին, մաեստրոն տեղեկացրեց, որ ֆիլհարմոնիկը մոտ կեսդարյա ընդմիջումից հետո է բեմ բարձրացել Շոստակովիչի անվան համերգասրահում։ Մինչեւ տարեվերջ հաշված օրեր եւ, բնականաբար, հաշված համերգներ են մնացել, որոնցից մենք առանձնացրինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին ֆիլհարմոնիկի մասնակցությամբ եւ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը, որտեղ գլխավոր դերերգերով հանդես կգան հեղինակավոր համերգասրահների ու օպերային թատրոնների ցանկալի հյուրեր՝ սոպրանո Հիբլա Գերզմավան, տենոր Արսեն Սողոմոնյանը եւ բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին, այսինքն՝ օպերային երգիչների աստղաբույլ։ Մաեստրոյի արձագանքն այս որակմանը այսպիսին էր՝ դա ավելին է, քան աստղաբույլ։ Նա առանց մանրամասնելու հավելեց նաեւ, թե մինչեւ տարեվերջ մեկ-երկու նախագծեր էլ են նախատեսված։ Միայն բարձրաձայնեց, որ Ամանորի շեմին ֆիլհարմոնիկն իր հանդիսատեսին հրավիրում է Vienna Gala-ի։

Հետաքրքրվեցինք՝ 2022-23թթ. համերգաշրջանում ի՞նչ նոր հյուրախաղեր են սպասվում ֆիլհարմոնիկին։ «2023 թվականը հոբելյանական է Արամ Խաչատրյանի համար. լրանում է կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակը։ Տեղական եւ արտասահմանյան մեր ծրագրերում անպակաս կլինի Խաչատրյանը։ Գնալով ավելի ու ավելի են սերտանում մեր կապերը ռուսաստանցի գործընկերների հետ, ինչը ենթադրում է էլ ավելի հաճախակի փոխայցելություններ։ Ամռանը կմեկնենք Իտալիա, այս պահին չեմ ասել կոնկրետ երբ, բայց նախատեսված են ֆիլհարմոնիկի հյուրախաղերը ԱՄՆ-ում՝ Խաչատրյանի հոբելյանի առիթով։ Առայժմ այսքանը»,- հայտնեց մաեստրոն։

Դիտարկմանը՝ մեր հանդիսատեսի շրջանում կարծիք է ձեւավորված, թե ընդհանրապես հյուրախաղերը մեծ հաշվով կախված են միայն ֆինանսական միջոցների առկայությունից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հյուրախաղերը տեւական բանակցություններ են պահանջում, երբեմն մեկ տարի կամ ավելի։ Դրանց արդյունքում կնքվում են պայմանագրեր, ըստ որոնց՝ երկու կողմերն էլ պարտավորություններ են ստանձնում։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ֆիլհարմոնիկն ունի լավ բարեկամներ եւ այստեղ պետք է անպայման նշեմ, որ մեր մշտական աջակիցն է ԿԳՄՍ նախարարությունը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ կադրեր ֆիլհարմոնիկի պետերբուրգյան համերգներից։