Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայաստանում այսօր վխտում են ռուսական ու թուրքական գործակալները»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Առավոտ»-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

-Պարոն Գաբրիելյան, մեր նախորդ զրույցներում Դուք կանխատեսում էիք Ուկրաինայի շուտափույթ հաղթանակ, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ճգնաժամ: Ուկրաինան դեռեւս չի հաղթել, պատերազմը շարունակվում է, ավելին, ելքը հստակ տեսանելի չէ, իսկ մեր ճգնաժամը, կարելի ասել, սկսվել է:

– Այո, Հայաստանի շուրջ ռուս-թուրքական գործած հանգույցը, որը թվում էր անքանդելի, այժմ սկսվում է այդ թնջուկի քանդման գործընթացը: 2020թ. պատերազմական ակտիվ գործողություններում մեր պարտությունը մեծ հարցականներ առաջացրեց Հայաստանի ապագայի վերաբերյալ, ռուս-թուրքական համատեղ ջանքերը փորձեցին վերջին հարյուր տարվա կիսատ թողածը ավարտել եւ վերացնել Հայաստան պետությունը: Սակայն դա որեւէ մեկին չի հաջողվելու քանի որ Աստված է մեր պահապանը եւ պաշտպանը: Ներկայումս ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանին օգնելու համար. ընդունում են բանաձեւեր Հայաստանի անվտանգությունն ապահովելու, դիտորդներ են ուղարկում Հայաստանի սահմանները հսկելու համար, մեզ ժամանակ են հատկացնում զինված ուժերն արդիականացնելու, կառավարման համակարգը վերափոխելու, տնտեսության զարգացման հիմքերը դնելու եւ պատրաստվելու՝ կենսունակ պետություն կերտելու գործընթացին:

-Ադրբեջանի վերջին գործողություններն ու ընդունած քաղաքականությունն այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» ազատագրման կեղծ գաղափարով ինչի՞ կարող է հանգեցնել:

-Ադրբեջանն իր գործողություններով Հայաստանին մղում է վերադառնալու իր ազգային շահերի ուղեծիր՝ առանց երկմտելու աշխատելու եւ բոլոր միջազգային ատյաններում Հայաստանի շահերը պաշտպանելու: Քանի որ Հայաստանի իշխանությունը, ըստ էության Հայաստանի շահերը չի կարողացել պաշտպանել, այժմ հասարակության ճնշման ներքո, առաջին հերթին ազգայնական ուժերի՝ ստիպված է Հայաստանի՝ հայ ժողովրդի շահերից բխող քայլեր ձեռնարկել: Այդ քայլերից ամենակարեւորը 1919 թվականի Ազգերի լիգայի հանձնաժողովի որոշման համատեքստում Ադրբեջանի հետ եւ 1920թ. ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների վերականգնման գործընթացն է: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի այդ տարածքները զավթվել՝ օկուպացվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

– Իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը:

-Պետք է ստեղծի աշխատանքային խումբ՝ Ազգերի լիգայի որոշումը եւ Վիլսոնի իրավարար վճիռը՝ Հայաստանի սահմանների հետ կապված, կյանքի կոչելու համար եւ առանց հապաղելու: Այդ խմբում պետք է ընդգրկվեն միջազգային իրավունքի մասնագետներ, դիվանագետներ՝ թե Հայաստանից եւ թե սփյուռքից, ինչպես նաեւ այլ ազգի միջազգային իրավունքի առաջնակարգ մասնագետներ եւ փորձագետներ:

– Ստացվում է, որ Ադրբեջանը մեզ դրդում է մեր շահերի մասին մտածել:

-Ցավոք սրտի, այդպես է: Ամենատխուրը գիտե՞ք որն է, որ ներկայումս էլ կան մարդիկ եւ ցավալի է, նույնիսկ երիտասարդներ, որոնք այդ միջազգային փաստաթղթերը անվանում են թղթի կտոր, ինչպես անվանում էին դրանք նրանց բոլշեւիկ կամ կոմունիստ պապերը՝ լծվելով ռուս-թուրքական լծին: Թուրքերը շատ լավ պատկերացնելով Վիլսոնի իրավարար վճռի բացառիկությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, միշտ սարսափի մեջ են եղել եւ են առ այսօր: Իսկ Իլհամը չի պատկերացնում Ազգերի լիգայի փաստաթղթի նշանակությունը, եթե պատկերացնում էլ է, ապա սարսափից այնպիսի քայլեր է կատարում, որ իր կատարած քայլերով գործում է մեր օգտին՝ մեզ դրդելով ինքնապաշտպանության, որը վերածվելու է լայնամասշտաբ հարձակման՝ դիվանագիտական եւ իրավա-քաղաքական միջազգային ատյաններում:

– Կարծում եք Իլհամ Ալիեւն այդքան բանը չի՞ հասկանում, որ նման անհեթեթ քայլերի է դիմում:

– Կարծում եմ, հասկանում է, սակայն նա ոգեւորված 2020 թվականի աշնանային հաղթանակով, կորցրել է իրականության զգացողությունը եւ փորձում է Հայաստանին պարտադրել պարտվողական պայմանագիր: Դրան նպաստել է Ռուսաստանի աջակցությունն Ադրբեջանին եւ Ռուսաստանի զավթողական պատերազմներում՝ 2008 թվականին Վրաստանում, 2014 թվականին՝ Ուկրաինայում, ինչպես նաեւ 2022 թվականին լայնածավալ հարձակումը Ուկրաինայի վրա, թվացյալ անպատժելիությունը: Ալիեւը մտածում է, եթե ինքը խախտելով միջազգային ընդունված սկզբունքները՝ ուժի չկիրառումը, որը կիրառեց 2020թ. լայնածավալ հարձակում սկսելով Արցախի վրա, այնուհետեւ 2021, 2022թ. Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայքի վրա, մնաց անպատիժ, քանի որ Արեւմուտքը զբաղված լինելով Եվրոպայի կենտրոնում՝ ռուս-ուկրաինական պատերազմով, Հայաստանին սատար չի լինի: Ալիեւի կարծիքով Ռուսաստանը՝ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», միշտ իր կողքին է, Ադրբեջանը Եվրոպային գազ է մատակարարում, դա նույնպես նպաստում է, որ ինքը թքած ունենա որեւէ պայմանագրի եւ կարծիքի վրա:

-Հայաստանի բնակչությունն ապրում է իր առօրյայով, առերեւույթ տպավորություն է, թե Հայաստանին վտանգ չի սպառնում. Ձեր կարծիքով՝ իրո՞ք Հայաստանին վտանգ է սպառնում:

– Տարիներ հետո շատ փաստեր ի հայտ կգան, որոնք այժմ ակնհայտ են տեսնողների համար, սակայն սովորական ժողովրդի համար ընկալելի չեն, թե ինչպիսի՞ սարսափելի ծանր վիճակում է եղել Հայաստանը, ժողովրդական լեզվով ասած՝ մազից կախված՝ ռուս-թուրքական հերթական աքցանի մեջ, ենթակա ճզմվելու՝ կորցնելու Սյունիքը, Վայքը, եւ պետականությունը, եթե չլիներ Արեւմուտքի՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Իրանի անմիջական աջակցությունը:

– Ստացվում է, որ մենք բարեկամներ ունենք, չնայած որ մեր ժողովրդի հիմնական մասը վերջին երեք տարվա իրադարձություններից հետո Ռուսաստանին այլեւս մեզ բարեկամ չի համարում, բայց շատ գործիչներ եւ քաղաքական միավորներ պնդում են, որ մենք բարեկամներ չունենք:

– Հայ ժողովրդի առջեւ դրված է Հայաստանի ապագայի խնդիրը: Ինքը պետք է լուծի իր խնդիրները՝ աջակից ունենալով իր պաշտպան եւ պահապան մեր Աստծուն, եւ իր բարեկամներին:

Հայաստանը այժմ բարեկամներ շատ ունի՝ Իրան, Հնդկաստան, Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, ԱՄՆ. ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է: Բայց մեր ամենամեծ բարեկամը՝ դա ներքին կայունությունն է, ինչպես ասում էր Դարեհը՝ Իրանի արքայից արքան՝ հայերին կարելի է հաղթել մի դեպքում, եթե Հայաստանի ներսում տարաձայնություն, պառակտում սերմանվի: Հիմա դրա ականատեսն ենք մենք. իշխանություն-եկեղեցի, իշխանություն-սփյուռք, իշխանություն-ընդդիմություն, ընդդիմություն ասելով նկատի ունեմ ոչ ռուսական գործակալական կազմակերպությունները եւ այլն: Իրականում, Հայաստանում այսօր վխտում են ռուսական եւ թուրքական գործակալները, դրանցից մեծ մասը այժմ բացահայտված են, դա լավ է, սակայն քիչ է: Պետք է դրանց մեկուսացնել, իսկ կարեւորագույններին բանտարկել, որպես ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ՝ Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնողներ, ինչպես քարոզչության բնագավառում՝ մեր ժողովրդի միտքը պղտորողներ, ապակողմնորոշողներ, այնպես էլ կառավարման համակարգում սաբոտաժ կազմակերպողներ:

Խորհրդարանից պետք է քշել ռուսական բոլոր գործակալ պատգամավորներին եւ մաքրել աշխատակազմը գործակալներից: Կառավարության բոլոր կառույցները, այդ թվում պաշտպանության նախարարությունը՝ նույնպես մաքրել ռուսական գործակալներից:

– Գործակալների անուններ կհնչեցնե՞ք:

– Անուններ չեմ հնչեցնի, քանի որ փաստաթղթային ապացույցի կարիք կլինի, սակայն կարող եմ ասել, որ ակնհայտ է, այն մարդիկ, որոնք այսօր էլ պաշտպանում են Ռուսաստանին, նրանց մեծ մասը ռուսական գործակալներ են: Մարդիկ են, որոնց համար առաջնայինը Ռուսաստանի շահն է, ոչ թե Հայաստանի: Դրանց փոքր մասն է մոլորված, որոնք այնքան են տարված Ռուսաստանով եւ իրենց ապրած սին հույսերով, որ չեն կարողանում թոթափել հին իներցիան: Նրանք ապրում են ոչ իրական աշխարհում:

– Գործող իշխանության վերնախավին ո՞ր երկրի գործակալ եք համարում, կարծես իրենք են խորացնում պառակտումը: Ունա՞կ է գործող իշխանությունը Ձեր մատնանշած խնդիրներով զբաղվելու, տեսակետ կա, որ նրանց հեռանալուց հետո միայն հնարավոր կլինի ամեն ինչ ճիշտ ռելսերի վրա դնել:

– Իհարկե, ամեն ինչի համար պատասխանատու է իշխանությունը: Աստված ասում է. «Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն» (Առակաց 29.4) եւ «Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է» (Առակաց 28.16): Մինչեւ հերթական ընտրությունները դեռեւս երկու տարուց ավելի ժամանակ կա, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում: Մենք ունենք երկու տարի հարաբերականորեն խաղաղ ժամանակ, նկատի ունեմ Եվրամիության դիտորդների առաքելության ժամկետը, որպեսզի հասցնենք բանակը վերակառուցել: Երկու տարին ահագին մեծ ժամանակ է, եթե իշխանությունն արդյունավետ աշխատի: Մեր կամքից անկախ, Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականության հետեւանքով, այսօր մեր իշխանությունը Ռուսաստանի գրպանային վիճակից դուրս է եկել եւ փորձում է Հայաստանի ազգային շահերից բխող քաղաքականություն վարել, որը մասամբ ստացվում է: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ իշխանության վերին օղակում հայտնված օտարերկրյա գործակալը ստիպված է կատարել մեր պետության շահերից բխող քայլեր: Կարծում եմ, առաջիկայում մենք ականատես կլինենք իմ մատնանշած քայլերից որոշների իրականացմանը:

– Մեր բարեկամ երկրների շարքում նշում եք ԱՄՆ-ը, Իրանը, սակայն նրանց մեջ հակասություններն արդեն ուժային դրսեւորումներ են սկսում ստանալ:

– ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չեմ կարծում, որ պատերազմի կհասնի: Սակայն դա չի խանգարում, որ նրանք երկուսն էլ մեր բարեկամը լինեն եւ ես համոզված եմ, որ շուտով մենք ականատես կլինենք ԱՄՆ եւ Իրան մերձեցման, ինչպիսին էին նրանց հարաբերությունները մինչեւ իրանական հեղափոխությունը: Ուկրաինական հաղթանակով կերտվում է նոր աշխարհակարգ:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ