Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում միակ պաշտպանված տարածքը Նիկոլ Փաշինյանի մարմինն է, մնացած ամեն ինչը խոցելի է. Էդգար Ղազարյան

«Հիշե՛ք Նիկոլ Փաշինյանի ակնհայտ անհավասարակշիռ վիճակում գտնվող անվտանգության ծառայության ղեկավար Սարգի Հովհաննիսյանի բռնությունը MediaHub-ի լրագրողի նկատմամբ` ուղիղ եթերում, բոլորիս աչքի առաջ»,-մամուլի ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը՝ թվարկելով իշխանության գործադրած բռնության դեպքերը:

Նա կարծիք հայտնեց, որ ՊՊԾ ղեկավարը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը սահմանված է պետական ծառայության անցնելու թույլտվությունը բացառող հիվանդությունների ցանկում:

  «Բացի այն, որ նա ղեկավար պաշտոն չի կարող զբաղեցնել, այլև նման հոգեվիճակով մարդը չի կաող հատուկ ծառայությունը ղեկավարել»,-հայտնեց Ղազարյանը և արձանագրեց, որ այդ դեպքով ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց և արդյունքը եղավ այն, որ օրերս Նիկոլ Փաշինյանի թիկնազորը ծեծի է ենթարկել ծեր տղամարդուն և նրա որդուն, որոնք գտնվում են հիվանդանոցում:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև հիշեցրեց Փաշինյանի թիկնազորի կողմից հղի կնոջ վրաերթի ենթարկելու և ԱԺ-ում լրագրողների նկատմամբ գործադրած բռնության դեպքերը:

Նա նաև արձանագրեց, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժ կիրառելուց հետո ծնողների նկատմամբ նաև գործ են հարուցել:

Ըստ Էդգար Ղազարյանի՝ այդ փաստերը խոսում են այն մասին, որ Փաշինյանը վախեր ունի, մյուս կողմից էլ նման գործողություններով իշխանությունները վախի մթնոլորտ են սերմանում հասարակության մեջ:

«Ինչքան, որ հայրենիքը պաշտպանված չէ դրսից, այնքան ներսում պաշտպանված է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում միակ պաշտպանված տարածքը Նիկոլ Փաշինյանի մարմինն է, մնացած ամեն ինչը խոցելի է: Փաշինյանն էլ այսօր կայացնում է որոշումներ, որոնք մեզ տանում է կործանման»,-ասաց Էդգար Ղազարյանը: