Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկական զարթոնքը մոտենում է` «հայկական ցունամին» զարմացնելու է աշխարհին

1991 թվականին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում էր Առաջին Հանրապետության վերածնունդ՝ դրանից բխող բոլոր իրավաքաղաքական հետևանքներով։

Սա էր վախեցնում փլուզվող ԽՍՀՄ-ի (իրականում՝ վերանվանված Ռուսական կայսրության) չեկիստական համակարգին, որը, օգտվելով Արևմուտքի բարեսրտությունից, ամբողջությամբ չկազմաքանդվեց և իր մեջ ուժ գտավ վերակազմավորվելու։

Այո, Ռուսաստանի չեկիստական համակարգն ամենևին հանձնվելու պլաններ չուներ և մտադիր էր ամեն գնով այս կամ այն ձևով վերականգնել կայսրությունը։

Ցավոք սրտի, դա նրանց հաջողվեց։ ԽՍՀՄ լուծարմանը հաջորդեց ԱՊՀ կոչված կառույցի ստեղծումը՝ սկիզբ դնելով հետխորհրդային տարածքի երկրների (բացառությամբ Մերձբալթյան 3 երկրների) նեոգաղութացման։

Չեկիստական համակարգին հաջողվեց հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում սկսված անկախացման շարժումների ղեկավարների մեջ ներդնել իրենց գործակալներին և այդ երկրներում ազգային կառավարությունների փոխարեն կարգել նեոգաղութային ադմինիստրացիաներ։

Հայաստանում այդ գործընթացն ամենախորն արմատները ձգեց՝ ձևավորելով Մոսկվայից վերահսկվող կայուն կիսագաղութային համակարգ, որի կառավարման լծակները դարձան քրեական օլիգարխիան և համակարգային կոռուպցիան։

Յուրաքանչյուր հաջորդ ադմինիստրացիան Մոսկվայի թելադրանքով ավելի ու ավելի խորացրեց Հայաստանի գաղութային կախյալությունը՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածելու Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի լիակատար ազդեցության վերականգնման պլացդարմի։

Դրա գինը, բնականաբար, պետք է լիներ Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը։ Ի դեպ՝ այսպես կոչված ոչ֊բռնի թավշյա հեղափոխությունը նույնպես այդ ծրագրի հերթական փուլն էր։

Այս հրեշավոր ծրագիրն իրագործելու համար առաջնահերթորեն անհրաժեշտ էր հայությանը և Հայաստանին գաղափարական-հայեցակարգային առումով պահել ռուսական գաղութային տիրույթում, թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը դեօկուպացվի և վերադառնա 1918-20 թթ․ մեկնարկած իրավաքաղաքական ընթացքին։

Եվ որպեսզի հնարավոր լիներ ժողովրդին հեռու պահել Առաջին Հանրապետության իրավահաջորդության, դրա համատեքստում՝ Արցախը որպես Հայաստանի մաս վերաամրագրելու բնական ու տրամաբանական լուծումներից, չեկիստական համակարգն իր հայաստանյան գործակալների միջոցով առաջ քաշեց այսպես կոչված “երրորդ հանրապետության” և, զուգահեռաբար՝ “անկախ Արցախի” կեղծ, արհեստածին, ապազգային և կործանարար գաղափարները։

Դա նպատակ էր հետապնդում հայ ժողովրդին ապակողմնորոշելու և շեղելու իր օրինական, միջազգայնորեն ճանաչված իրավունքներից և քիչ֊թե֊շատ գաղափարական հենք տալու նեոգաղութային քրեաօլիգարխիկ համակարգին։

Երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում համակարգը խորն արմատներ տվեց, զարգացավ, ամրացավ և ծաղկեց՝ բերելով իր հետ նոր վարք ու բարք (նեպոտիզմ, գեդոնիզմ, ռաբիսի տիրապետություն, նյութապաշտություն, ստրկամտություն), մի յուրօրինակ ու նոր “փիլիսոփայություն”, որի իմաստն է ազգային հարստության ռազմավարական մասը (գազամուղ, էլ ցանցեր, երկաթգիծ, կապ, հանքեր…) և շահերը (արտաքին քաղաքականություն, ռազմական և անվտանգային հարցեր, Արցախ) գաղութատիրոջը (ցարին) զիջելու դիմաց ստանալ նրա համակրանքը, հովանավորությունը և իշխանության дабро֊ն, որպեսզի հնարավոր լինի հարստանալ յուրային ժողովրդին կեղեքելու միջոցով։

Սա դասական կլեպտոկրատիկ, ավտորիտար և քրեաօլիգարխիկ մի համակարգ է, որը կա բոլոր նման երկրներում։

Առաջ եկան մականունավոր օլիգարխներ, նրանց շահերը սպասարկող քրեական հեղինակություններ և դրանց բոլորի գլխին կանգնած շեֆը (գեներալ֊գուբերնատորը), որը ապահովում էր համակարգի կայուն կենսագործունեությունը և ռուսական ցարի լոյալությունը։

Ժողովուրդը բազմիցս ընդդիմացավ, սակայն մշտապես դաժանորեն ճնշվեց և հետապնդվեց։ Բավական է հիշել 2003-ի ապրիլի 12-ը, 2008-ի մարտի 1-ը, 2015-ի Բերձորի ջարդը, 2016-ի Սասնա Ծռերի ապստամբությունը և Սարի Թաղի ջարդը։

Սակայն ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը և ցանկացած ապազգային, անբնական, ոչ ժողովրդավարական համակարգ դատապարտված է մահվան։

Հայաստանի դեպքում համակարգի մահը չէր կարող լինել փափուկ և անցավ, քանի որ կար Արցախի հարցը։

Ցավոք սրտի, այդպես էլ եղավ։ Արյունով ծնված այս հանցավոր համակարգը (հիշենք Մոնթեի, Լեոնիդի, Արթուր Մկրտչյանի և այլոց առեղծվածային սպանությունները, Հոկտեմբերի 27-ը) արյունով էլ սատկում է՝ իր հետ տանելով մեր հազարավոր նվիրյալ տղաների և աղջիկների կյանքերը։

Մենք հիմա ականատես ենք այս համակարգի հոգեվարքային ցնցումներին։

2020 թ․ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը նշանավորում է ոչ միայն դավադիր պատերազմում մեր կրած պարտությունը, այլև ավետում է Հայաստանի քրեաօլիգարխիկ նեոգաղութային համակարգի մահվան մեկնարկը։

Կարծում եմ շատերը կհամաձայնեն ինձ հետ, եթե ասեմ, որ ազգն արդեն, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե զգալի չափով դուրս է եկել հետպատերազմյան ընկճախտից և արթնանում է։

Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդն արդեն կսկսի տեր կանգնել իր ճակատագրին ու ապագային և համընթաց կքայլի արագ փոփոխվող մերօրյա աշխարհի հետ։

Սա արդեն գալիք հաղթանակների գրավականն է։

Մենք բազմիցս ասել ենք, որ ժամանակակից աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնցով պայմանավորվելու է եկող տասնամյակների նոր աշխարհակարգը։

“Ժողովրդավարություն ընդդեմ բռնատիրության” – սա է առաջիկա տասնամյակի աշխարհաքաղաքական փոփոխությունների և զարգացումների կարճ բնութագիրը։

Մենք՝ հայերս, պիտի կատարենք մեր ընտրությունը` մնում ենք հետադիմական և պարտության դատապարտված բռնատիրական ճամբարում (Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կորեա, Վենեսուելա, Սիրիա…), թե մաս ենք կազմում առաջադիմական ժողովրդավարական ճամբարին (ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան, Ճապոնիա, Կանադա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Սինգապուր…)։

Այս ընտրությունից է կախված Հայաստանի և հայության ապագան որպես ազգ և պետություն։

Այս ընտրության մեջ է մեր բոլոր խնդիրների (Հայկական հարց, տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական զարգացում) լուծման բանալին։

Ես արդեն վստահ եմ, որ հայ ազգը կատարել է իր ընտրությունը։

Մենք Հայաստանը վերածնելու ենք, իսկ դավաճաններին` աշխարհի որ կետում էլ որ լինեն` փնտրելու ենք, գտնելու ենք, բերելու ենք և արժանի պատիժը տալու ենք։

Ուրեմն առաջ դեպի հաղթանակ։

Ուրեմն առաջ դեպի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 21-րդ դարի Հայաստան։

Ուրեմն առաջ դեպի ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Վահե Գասպարյան
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ