Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և  Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։