Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն  28-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 7 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 28 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների։

Իր օրհնության խոսքում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուրախալի համարեց այս դժվարին ժամանակներում նման միջոցառում անցկացնելը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվում հայրենիքի գիտական և մշակութային կյանքում մեծագույն ներդրում ունեցած գործիչներին։

Նա շնորհավորեց «Վահան Թեքեյան» այս տարվա մրցանակակիրներին և հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն իրենց չափով ստեղծագործել՝ հանուն հայրենիքի վաղվա օրվա։

«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց գրող Ֆելիքս Բախչինյանին՝ «Վերջին մանկություն» վեպի համար, «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանին՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար,  «Թատերական արվեստ»-ում՝ «Ֆորմա» թատրոնին՝ «Վայ-վայ» ներկայացման համար, «Կերպարվեստ» անվանակարգում՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանին՝ «Տպավորություն» ստեղծագործության համար, իսկ  «Քանդակ անվանակարգում»՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանին՝ «Աթոռներ» շարքի համար։

«Լրագրություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց «Հետք» լրատվականի լրագրող Սառա Պետրոսյանին՝ հետաքննական հոդվածաշարի համար,  իսկ «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում՝ Աննա Գրիգորյանին՝ «Քաղաքային գրաֆիկա»  շարքի համար։

Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում  անվանի ու ճանաչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։

Ձեռնարկի ընթացքում Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին և Հայաստանի ժողովրդական արտիս Լևոն Մալխասյանին։

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն