Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հը, ի՞նչ կա եվրոպացի դիտորդներից․ Մակրոնը Փաշինյանին

Չնայած նրան, որ Եվրամիությունը հունվարի 23-ին որոշում է կայացրել Հայաստանում տեղակայել 100 դիտորդների, նրանց ժամանման ժամկետներն ու պարամետրերը դեռևս չեն հաղորդվում։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ի սկանդալային ոռնոցից եւ դիտորդների հասցեին ուղիղ սպառնալիքներից հետո պաշտոնական Երեւանը փորձում է ընդհանրապես չխոսել դիտորդների մասին, ինչն ավելի շատ նման է սաբոտաժի։

Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ»։ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախագահը և վարչապետը ողջունել են Ադրբեջանի հետ երկրի սահմանին Եվրամիության նոր դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը նպաստում է իրավիճակի կայունացմանը»։

Ըստ ամենայնի, եվրոպական առաքելության տեղակայումը հապաղում է, և Մակրոնը զանգահարել էր՝ իմանալու, թե ինչպես են ընթանում գործերը։ Հայաստանի իշխանությունն ուզո՞ւմ է դուրս գալ ռուս-թուրքական կործանարար աքցանից, թե՞ այնտեղ հարմարավետ է տեղավորվել։

Հայկական դիվանագիտությունը, որն արդեն ասոցացվում է Մոսկվայի և Լավրովի հրահանգների հետ, ամբողջովին մարգինալացված է՝ չեզոքացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։

Բեռլինում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Մյունխենի համաժողովը տեղի կունենա փետրվարի 17-19-ը, և դատելով Միրզոյանի Բեռլին կատարած «քաղաքավարի» այցից՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես բաց կթողնի այս կարևոր ֆորումը, որտեղ հայկական իրավունքների հարցը կարող էր բարձրացվել միջազգային ամենաբարձր մակարդակով։

Հունվարին Փաշինյանը չգնաց Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ Ալիևը հնարավորինս առաջ մղեց «Ադրբեջանի իրավունքները»։ Պուտինը նույնպես Դավոսում չէր, և, ըստ երևույթին, Փաշինյանը Կրեմլից հրաման է ստացել չգնալ այնտեղ «հորից առաջ չընկնել»։

Միջազգային ասպարեզում Երևանի դիվանագիտությունն ուղղված է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ծրագրերի եւ շահերի սպասարկմանը, իսկ ավելի համոզիչ լինելու համար Հայաստանի իշխանությունները դրել են «արևմտամետ դեմոկրատական» ​​դիմակ։ Այս դիմակն այլևս ոչ մեկին չի կարող խաբել, և պաշտոնական Երևանը բացահայտ կասկածվում է միջազգային նախաձեռնությունները սաբոտաժի ենթարկելու մեջ։