Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հեղափոխությունը հնարավորություն չտվեց, որպեսզի իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը արմատապես փոխվի. Սաքունց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հեղափոխությունը, ցավոք սրտի, հնարավորություն չտվեց, որպեսզի իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը արմատապես փոխվի, նման գնահատական տվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, այսօր կայացած «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» աշխատաժողովում։

Նրա խոսքով, որոշակի օրենսդրական փոփոխություններ արվել են, բայց իրավիճակը դեռևս շատ հեռու է բավարար լինելուց․ որպես ապացույց բանախոսը բերեց անցած տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ որոշ համայնքային ծառայողների, կրթական հաստատությունների աշխատողների վրա ճնշումներ գործադրվեցին, իսկ նրանք չկարողացան պաշտպանվել, քանի որ առաջին հերթին աշխատանքի իրավունքի մասով պաշտպանված չեն:

«Սա իրապես մտահոգող երևույթ է: Որպես երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն, աշխատանքային իրավունքների հետ կապված կարող ենք ֆիքսել, որ մարդու հիմնարար իրավունքները մնում են խոցելի, քանի դեռ մարդու աշխատանքային իրավունքները մնում են չպաշտպանված: Ավելին՝ մենք բազմիցս ենք առնչվել իրավիճակների, երբ հենց հիմնարար ազատությունների (կարծիքի արտահայտման իրավունք, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը, ընտրելու իրավունքը և այլն) խախտման դեպքում մարդիկ հետամուտ չեն լինում իրենց հիմնարար իրավունքների պաշտպանությանը, քանի որ ճնշում է գործադրվում նրանց աշխատանքային իրավունքների վրա»,-նշեց Սաքունցը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Աշխատանքային օրենսգրքի մեծ փաթեթն արդեն կառավարության հավանությանն է արժանացել և տեղափոխվել ԱԺ դաշտ, որտեղ տեղի կունենան քննարկումներ դրա շուրջ։

Փոխնախարարն ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը ենթակա են փոփոխության և լրացման։ «Զուգահեռաբար ավարտական փուլում է գտնվում հեռավար աշխատանքի մասին փոփոխություն-լրացումը։ Նախատեսում ենք արդարադատական ինստիտուտի ներդրում, որը մի քանի խնդիր է լուծելու՝ առաջին հերթին աշխատող-գործատու առկա վեճերի հնարավոր ամենաարագ և անվճար մեխանիզմներ կունենա, և երկրորդ՝ սրանով սոցիալական գործընկերներին ևս մի գործիքակազմի հնարավորություն կտրվի, որի միջոցով իրենց դերը կբարձրանա և կկարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» աշխատաժողովը համատեղ կազմակերպվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են ԵՄ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» նախաձեռնության շրջանակներում երեք կոնսորցիումներում: Աշխատաժողովի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով, երեք ծրագրային կոնսորցիումների գործունեության արդյունքների հիման վրա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ