Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարը վտանգված է

Կոտայքի մարզի Բջնի համայնքի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկար ևս վտանգված է։

ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, նախաձեռնել է իրականացնել հուշարձանի փրկարարական՝ ամրակայման ու վերականգնման աշխատանքներ։

Մշտադիտարկման արդյունքում Բջնի այցելած աշխատանքային խումբը քննարկել է որմնանկարի պահպանության երկու հիմնական տարբերակ՝ այն տեղում ամրակայել և վերականգնել կամ տեղափոխել համապատասխան այլ վայր: 

Համաձայն առաջին տարբերակի՝ Կոտայքի մարզպետարանի միջոցներով պետք է իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական (սեյսմիկ, կոնստրուկտորական, ճարտարապետական) ուսումնասիրությունը՝ դիտարկելու շենքի հիմնանորոգման հնարավորությունը: Այս համատեքստում առաջնային են համարվել շինության ճակատային մասի հարթաքանդակների,  ծավալատարածական ու ճարտարապետական լուծումների և որմնանկարը անխաթար պահպանելու հանգամանքները:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կողմերը փաստել են, որ հիմնանորոգումը երկուստեք շահավետ կլինի թե՛ որմնանկարի, թե՛ գյուղի ենթակառուցվածքների զարգացման առումով:   

Երկրորդ տարբերակը դիտարկելու դեպքում որմնանկարի տեղափոխման վայր կնախատեսվի Չարենցավան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոտայքի մարզպետարանի հետ իրականացնել Բջնիի մշակույթի տան ինժեներական ուսումնասիրությունը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տեղում որմնանկարի փրկման (ամրակայման և վերականգնման) հետագա գործընթացը:

Առաջին տարբերակի անհնարինության դեպքում որմնանկարը կտեղափոխվի նախանշած վայր:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» (1975 թ․) որմնանկարը 2018 թ. Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան։