Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հենց այդ զինվորականների ցուցմունքների պատճառով է, որ այդքան մեղմ պատիժ են ստացել. Արտակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վայոց Ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին (լուսանկարում) ծեծի ենթարկելու դեպքով քրեական հետապնդումից ազատված Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների դեմ սուտ մատնության հատկանիշներով կնախաձեռնվի քրեական վարույթ: Գրիգորյանների պաշտպան Լեւոն Սահակյանը Aravot.am-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Լեւոն Սահակյան

Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ սուտ մատնության հատկանիշներ վերագրվող երեք զինվորականի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակապես սուտ մատնության մասին խոսք չի կարող լինել: 3 զինվորականի մոտ էլ սուտ մատնության հանցակազմ որեւէ կերպ արտահայտված չի եղել: Սուտ մատնություն առկա է այն դեպքում, երբ տեղեկությունը տրված է հստակ սխալ ու հստակ միտումնավոր… Զինվորականները տվել են ցուցմունքներ գործի հանգամանքների հետ կապված, հիմա եթե մարդն ասում է՝ տնից ժամը 8-ին դուրս եկա, մոտեցա տերմինալին լիցքավորեցի, հետո գնացի խանութ «Ջերմուկ» առա, վաղը եթե քննությամբ պարզվում է, որ ինքն առաջինը «Ջերմուկ» է առել, հետո նոր մոտեցել տերմինալին, դա դեռ չի նշանակում, որ մարդը կատարում է սուտ մատնություն: Այս կարգի տարբերությունների մասին է խոսքը: Մենք խնդիր չունենք սուտ մատնության հետ: Առավելագույնը, եթե, իրոք, հստակ ապացուցվեր, որ այդ մարդիկ կեղծ ցուցմունք են տվել, իրենց կարելի էր մեղադրանք առաջադրել կեղծ ցուցմունք տալու համար: Ամբաստանյալի կողմը, չգիտես՝ ինչու, որոշել է, որ այդ 3 զինվորականները, որոնց ցուցմունքների մի մասը դատարանում ապացուցման շեմը չեն հաղթահարել, իրենք, ի սկզբանե, դիտավորյալ սուտ մատնություն են կատարել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Այն, որ իրենց պաշտպանյալը ստացել է ամենամեղմ, տվյալ հանցագործության համար նախատեսված նվազագույն պատիժը, դրա հիմքում դրվել է հենց այդ զինվորականների ցուցմունքը, հենց այդ զինվորականների ցուցմունքների պատճառով է, որ իրենք այդքան մեղմ են ստացել: Եթե նրանք բոլորը սուտ մատնություն են արել, ամբողջ գործը պետք է վերանայվի ու Գրիգորյանի պատիժը խստացվի»:

Հիշեցնենք, որ Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք էին տվել Մարիամ Հունանյանը, Միքայել Մելքոնյանն ու Լեւոն Հարությունյանը:

Արտակ Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ ծեծի ենթարկված փոխգնդապետը շարունակում է կոմայի մեջ մնալ, տեղափոխվել է Մուրացան հոսպիտալ (կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ