Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հերթական խումբն այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան, մեկ խումբ էլ՝ վերադարձել Արցախ

Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ շարունակում են կիսված մնալ: ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ՝ հերթական խումբն այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան: Հետկեսօրին մեկ խումբ է վերադարձել Արցախ՝ երկամսյա ընդիմիջումից հետո:

Շատերը 1-2 օրով էին մեկնել հանրապետությունից, հարկադրված էին մնալ գրեթե 2 ամիս: Նորա Մեժլումյանն ընտանիքի 5 անդամների հետ դեկտեմբերի 7-ին ՌԴ էր մեկնել՝ հարազատի մահվան տարելիցին մասնակցելու:

Դեկտեմբերի 27-ից Գորիսում էին: Սկզբից ժամերով, իսկ հետո օրերով սպասում էին ճանապարհի բացմանը:

«Ստիպված դիմեցինք ԿԽՄԿ, որպեսզի մեզ էլ տեղափոխեն Ստեփանակերտ: Շատ գոհ ենք Գորիսի մեր
հայրենակիցներից: Շնորհակալ ենք՝ ցուցաբերած աջակցության համար: Բայց մեր տնից լավ տեղ չկա:

Հովհարային անջատումների գրաֆիկին տեղյակ ենք, գազամատակարարման հերթական դադարեցման մասին էլ այսօր ճանապարհին լսել ենք: Բոլոր տեսակ դժվարությունները պատկերացնում ենք, բայց մենք՝ բոլորս պետք է Արցախ վերադառնանք, որ Արցախն էլ մեզնով ապրի»,- մասնավորապես նշել է Նորա Մեժլումյանը:

Յուրաքանչյուրը կարոտով, տևական դադարից հետո դիմավորում է իր հարազատին: Արդեն 59 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում պարբերաբար խորանում է հումանիտար ճգնաժամը:

Ադրբեջանական կողմը նպատակ ունի ոչ միայն խորացնելու հումանիտար ճգնաժամը, այլև՝ անորոշության զգացողությունը և հոգեբանական տառապանքները Արցախի ժողովրդի մոտ: Բազմաթիվ ընտանիքներ շարունակում են սպասել միավորման իրենց հերթին: