Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ աշխատանքային օրենսգրքում 266 հոդվածից 122-ը կփոխվի. ինչ փոփոխություններ են նախատեսվում

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում իրականացնել։ Ինչպես այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոփոխվելու կամ լրացվելոււ է։

Նրա խոսքով՝ նմանատիպ ծավալուն փոփոխություն 2015 թվականից հետո չի եղել։
«Ինչու են անհրաժեշտ այդ փոփոխությունները։ Առաջինը՝ հաշվի են առնվում  պրակտիկայից եկած խնդիրները, գործատու-աշխատող փոխհարաբերությունները, մասնավորապես, նախատեսվում է կանոնակարգել երկու կողմի հարաբերությունները՝ հետագայում հավելյալ վեճերից, քաշքշուկներից խուսափելու համար։ Երրորդ՝ օրենսգրքի կարգավորումները հնարավորինս պետք է համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշեց Ռուբեն Սարգսյանը։

Նա նաև ասաց, որ բիզնես միջավայրից եկող առաջարակները ևս հաշվի են առել։

Ներկայացնելով փոփոխությունները՝փոխնախարարը հայտնեց, դրանցից մեկը վերաբերում է երեխաների աշխատանքի իրավունքին։ Այսպիսով, հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մանկահասակ երեխա ունեցողերին։ Մասնավորապես, առաջարկվում է տվյալ աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։ Եթե դա նախկինում հնարավորություն էր տրվում մինչև մեկ տարեկան երեխա խնամողին, ապա այս փոփոխությունով՝ մինչև երկու տարեկան  խնամողին։

Ռուբեն Սարգսյանը նշեց, որ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կենսաթոշակային տարիքի անձանց։ Առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։

Բացի այդ, հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Այս նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ըստ փոփոխությունների՝ աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։

Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է արձակուրդների տրամադրմանը. եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։